Նիդեռլանդների խորհրդարանի թուրք պատգամավորները սպառնալիքներ են ստանում

Թուրքական լրատվականները թիրախավորում են թուրքական ծագմամբ նիդեռլանդացի հինգ խորհրդարանականների՝ նրանց անվանելով «դավաճան»։ Պատգամավորները նաև սպառնալիքներ են ստանում սոցիալական ցանցերում, նրանցից երկուսը տեղեկությունը հաստատել են նիդեռլանդական RTL Nieuws-ի հետ զրույցում․ այս մասին գրում է NLTimes պարբերականը։ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի նախագահը երևույթն «անընդունելի» է որակել։

Անցյալ շաբաթ Նիդեռլանդների խորհրդարանի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։

NLTimes-ը գրում է, որ շաբաթ օրը թուրքական En Son Haber-ը թիրախավորել է թուրքական ծագմամբ պատգամավորներ Դիլան Եսիլգյոզին, Ջեմ Լաչինին, Սադեթ Կարաբյուլութին, Զիհնի Օզդիլին և Նևին Օզյությոքին։

«Հինգ թուրքեր, որոնք դավաճանել են հայրենիքին»,- գրել է կայքը։ Թուրքական այլ լրատվամիջոցներում ևս նմանաբովանդակ հրապարակումներ են եղել։

Այդ օրվանից ի վեր խորհրդարանականները ստանում են սպառնալիքներ սոցիալական ցանցերում։

«Ես մշտապես ատելություն պարունակող հաղորդագրություններ եմ ստանում։ Ինձ դատապարտում են»,- ասել է Լաչինը նիդեռլանդական RTL Nieuws-ին։

Սպառնալիքների փաստը հաստատել է նար Օզդիլը․ «Շատ բաներ եմ ստանում։ Ամենաստեղծագործ բառապաշարով հայհոյանքներ, նաև՝ սպառնալիքներ։ Ես սքրինշոթեր եմ պահում և հաղորդում եմ տալու ամենակոնկրետ սպառնալիքների հարցով»։

Պատգամավորները նշել են, որ չեն պատրաստվում նահանջել։

«Լուռ չեմ մնալու։ Ես Նիդեռլանդների խորհրդարանի անդամ եմ և հպարտ եմ դրանով։ Այս հաղորդագրությունները ամոթալի են, սա իրական հրեշացում է։ Ուղերձը հետևյալն է․ «Դու ունես թուրքական ծագում, հետևաբար չես կարող այդպես մտածել։ Դա շատ վատ է, առնվազն»,- ասել է Օզդիլը։ Լաչինը հավելել է․ «Ես կարծում եմ՝ սա շատ վատ է։ Ես ծնվել և մեծացել եմ այստեղ։ Ես պարզապես ժողովրդի նիդեռլանդացի ներկայացուցիչ եմ»։

Խորհրդարանի ստորին պալատի նախագահ Խադիջա Արիբը պատգամավորների թիրախավորումն անվանել է «անընդունելի»։ Նրա համոզմամբ՝ ժողովրդի ընտրյալներն ազատ են արտահայտելու իրենց կարծիքը։

Փետրվարի 22-ին Նիդեռլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող երկու օրինագիծ, որոնցից մեկով 1915թ․ տեղի ունեցածը որակվում է որպես ցեղասպանություն, մյուսով նախատեսվում է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստան ուղարկել բարձրաստիճան պաշտոնյա։

Երևանն ու Անկարան արձագանքեցին Նիդեռլանդների խորհրդարանի որոշումներին։

Թուրքիայի և Նիդեռլանդների հարաբերությունները լարվեցին անցյալ տարի, երբ Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից առաջ արգելվեց թուրք նախարարների մուտքը Նիդեռլանդներ՝ այնտեղ քարոզարշավ իրականացնելու համար։ Վերջերս հարաբերությունները վերականգնելու փորձերը մատնվեցին անհաջողության, և Նիդեռլանդները պաշտոնապես հետ կանչեց Թուրքիայում իր դեսպանին։

Մեկնաբանել