Վերընտրվելուց հետո Պուտինի առաջին այցը՝ Անկարա

Ապրիլի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Անկարա, որտեղ հանդիպել է Թուրքիայի պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սա Պուտինի առաջին արտասահմանյան այցն է մարտի 18-ին նախագահ վերընտրվելուց հետո:

Պուտինն ու Էրդողանը հանդիսավոր կերպով ազդարարել են «Ակկույու» ատոամակայանի շինարարության մեկնարկի մասին: Չորս բլոկից բաղկացած ատոմակայանը պետք է կառուցվի մինչև 2021 թվականը։ Համապատասխան համաձայնագիրը պաշտոնական Մոսկվան և Անկարան ստորագրել էին 2010թ.: Թուրքիայի առաջին ատոմակայանը կգործարկվի 2023-ին։ Ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 22 մլրդ դոլար։

Թուրքիայի նախագահը «Ակկույու» ատոմակայանի շինարարության սկիզբն անվանել է պատմական պահ։

Բացի այդ, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են Մոսկվայի կողմից Անկարային С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումն արագացնելու շուրջ։

Ինչպես Թվիթերում գրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության փոխնախարար Իսմայիլ Դեմիրը, մատակարարումը 2020-ից տեղափոխվել է 2019-ի հուլիս։

Այսօր՝ ապրիլի 4-ին, Անկարայում կայանալու է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպումը։ Օրակարգային թիվ մեկ հարցը սիրիական հակամարտության կարգավորումն է։

Մեկնաբանել