«Գեոպրոմայնինգը» դադարեցնում է աշխատանքը Սոթքի հանքում և ակնկալում պետության աջակցությունը

Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, որ շահագործում է Սոթքի ոսկու հանքն ու Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, հայտարարել է Սոթքի ոսկու հանքում աշխատանքները դադարեցնելու մասին։

«Մայիսի 17-18-ին, ինչպես նաև մայիսի 22-ից մինչև այսօր մի խումբ անձինք, իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական և ազգայնական լոզունգներով, փակել են դեպի հանք տանող ճանապարհները և տեխնիկայի մուտքը դեպի վառելիքա-քսայուղային նյութերի կայան։ Նրանք փակել են նաև Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղ տանող ճանապարհը, որով իրականացվում է հանքաքարի ամենօրյա փոխադրումը Սոթքի հանքից դեպի Արարատի ֆաբրիկա։ Արտադրության սաբոտաժի մասնակիցները առաջ են քաշում տարբեր ուլտիմատիվ ազգայնական պահանջներ և ընկերության ղեկավարությանը ու աշխատողներին ենթարկում շանտաժի, հնչեցնում սպառնալիքներ»,- նշված է ընկերության հաղորդագրությունում։

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը նշում է, որ բողոքողների իրական նպատակն է, որ իրենք թույլատրեն այդ անձանց մուտքը հանքի տարածք՝ ոսկու անօրինական արդյունահանում իրականացնելու համար։ Ընկերությունը նշում է, որ իրենց դիմումները ոստիկանություն արդյունք չեն տվել։

«Ոստիկանությունը իր անգործությունը բացատրում է նրանով, որ բողոքի ակցիաները խաղաղ բնույթ են կրում, և իրավապահ մարմինները իրավասու չեն տվյալ իրավիճակում որևէ բան ձեռնարկել։ Բողոքողների կողմից շանտաժի իրական արդյունքը, իշխանության անգործության պայմաններում, դարձավ ձեռնարկության աշխատանքի դադարեցումը, աշխատողների աշխատավարձերի կորուստը, իսկ պետության համար՝ շահույթի, օգտակար հանածոների արդյունահանման դիմաց վճարվող հարկերի, բոլոր մակարդակներում սոցիալական վճարների կորուստը, երկրում ներդրումային մթնոլորտի վատթարացումը»,- նշված է հայտարարությունում։ «Գեոպրոմայնինգը» ակնկալում է պետության աջակցությունը։

Չղջիկները

«Գեոպրոմայնինգի» նշած մարդիկ այդ տարածքում հայտնի են որպես «չղջիկներ»։ Նրանք մուտք են գործում հանքի տարածք, մասնավորապես՝ հանքախորշեր, գողանում հանքաքար, մշակում այն ու վաճառում։ Մամուլում գրվել է «չղջիկների» անօրինական գործողությունների մասին։ Տարիներ առաջ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ևս անդրադարձել էր հանքաքար գողանալու դեպքերին՝ նշելով, որ հանքի տարածք երբեմն ուղարկվում են անչափահասներ։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ «չղջիկների գործունեությունը երբեմն վերաճել է զինված բախումների»։

Մոտ մեկ շաբաթ առաջ «Գեպրոմայնինգը» հաղորդագրություն էր տարածել՝ շեշտելով, որ «չղջիկները» ներկայանում են որպես քաղաքացիական անհնազանդության շարժման մասնակիցներ ու պահանջում են հանքի ղեկավարության հրաժարականը, քանի որ ընկերության ղեկավարությունը խոչընդոտում է իրենց անօրինական գործողությունները։

Մեկնաբանել