Չխուսափենք այն ազատությունից ու անկախությունից, որ նվաճել ենք

Դավիթ Պետրոսյան, «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ

Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների և արժեքների ձևավորման համար Թավշյա հեղափոխությունն ունեցավ շրջադարձային նշանակություն, սակայն հանրության շրջանում մտքի և վարքագծի հեղափոխությունն ունի հավասարազոր, եթե ոչ ավելի մեծ նշանակություն ժողովրդավարության ամրապնդման և կայացման համար։ Շատերս դեռ մեր շատ խնդիրների լուծման համար փորձում ենք անձնական կապ հաստատել որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կամ հենց վարչապետի հետ։ Այս երևույթը հղի է մի շարք վտանգներով և խոսում է քաղաքական մշակույթի զարգացման և կայացման անհարժեշտության մասին։ Խնդրի մի շարք կողմերը ավելի լավ հասկանալու համար օգտակար կլինի ծանոթանալ նշանավոր հոգեբան, գիտնական Էրիխ Ֆրոմի «ավտորիտար անհատ»-ի տեսությանն ու պրոյեկտել այն մեր իրականության մեջ։

Ֆրոմն իր «Փախուստ ազատությունից» գրքում նշում է, որ ավտորիտար անհատը հատուկ վերաբերմունք ունի իշխանության նկատմամբ։ Անկախ նրանից՝ այդ իշխանությունը պատկանում է ինստիտուտին, թե անհատին, նա նրա նկատմամբ լցվում է համակրանքով, հիացմունքով և ենթարկվելու պատրաստակամությամբ։ Իշխանության նկատմամբ այս վերաբերմունքը պայմանավորված չէ նրանով, որ նա կիսում է վերջինիս գաղափարները և սկզբունքները, այլ զուտ այն պատճառով, որ վերջինս հենց իշխանություն է։ Սա ամբողջովին բացատրում է այն երևույթը, երբ մարդիկ, որոնք գովաբանում էին ՀՀԿ-ին, հեղափոխությունից հետո սկսեցին գովաբանել Նիկոլ Փաշինյանին և նոր իշխանություններին։ Այս երևույթը, ըստ Ֆրոմի, պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ, պատրաստ չլինելով ընդունել իրենց իսկ ձեռք բերած ազատությունն ու անկախությունը, փորձում են խուսափել և փախչել նրանցից։ Փախուստի ընթացքում անհատը փորձում է իրեն նույնականացնել որևէ նոր խմբի հետ, խումբ, որ ունի հեղինակություն և իրեն «կպաշտպանի»։

Այժմ Հայաստանում այդ ուժն այլևս ՀՀԿ-ն չէ։ Այս ճանապարհով անհատը փորձում է վերագտնել իրեն, հին կապերի փոխարեն նոր կապեր հաստատելով, փորձում է ստանալ այն ուժը, որ ինքը չունի։ Այս երևույթը հանդես է գալիս երկու տարբերակով՝ մազոխիզմ և սադիզիմ։ Մազոխիզմի դեպքում համակրանքը, հիացմունքը վերածվում են ենթարկվելու ցանկության, նաև ֆետիշիզիմի, իսկ սադիզիմի դեպքում սուր քննադատության։ Սա իր հերթին բացատրում է այն հանգամանքը, երբ մարդիկ աչքի են ընկնում իշխանությունների նկատմամբ հակասական վերաբերմունքով՝ գովելիս կա մեծ հիացմունք և համակրանք, իսկ թերացման դեպքում քննադատություն՝ մինչև վերջին կաթիլը։

Ավտորիտար անհատը, հաճախ նոր իշխանությունների մեջ տեսնելով փրկչի, հրաշագործի, ակնկալում է խնամակալություն, հոգատարություն, իր խնդիրների ամբողջական և արագ լուծում։ Այս ամբողջի հիմնական խնդիրը, իսկ մեզ համար մտահոգությունը այն է, որ տվյալ անհատը հավատարիմ է մնում տվյալ իշխանությանը այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս ուժեղ է։ Հենց նկատում է, որ այդ իշխանությունը թուլանում է, փորձում է իրեն գտնել նոր ապավեն։

«Ավտորիտար անհատի» մասին

«Ավտորիտար անհատի» մեր պարագայում նաև «ավտորիտար հանրույթի» տեսությունը մեր իրականությունում պրոյեկտելիս պետք է հաշվի առնել խնդրի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը։

Օբյեկտիվը պետական կառավարման համակարգում միջին օղակների կայացվածության ոչ բարձր մակարդակն է, բրգային կառավարման ձևավորված մոդելը, որը հենց բուրգի գագաթին գտնվողին դարձրել է խնդիրների հիմնական հասցեատերը։ Մեր պարագայում դրանք բարձրաստիճան պաշտոնյաներն են և վարչապետը։ Սուբյեկտիվը՝ թերարժեքության, անզորության բարդույթները, որոնք հանրության մի մասի մոտ ժառանգություն են մնացել հին համակարգից և պայմանավորված են մի շարք պատմական իրադարձություններով։ Բերենք մի քանի օրինակ, որոնք Ֆրոմի տեսությունը ավելի կմոտեցնեն մեր իրականությանը։

Առաջինը Նիկոլ Փաշինյանի կոչն էր դադարեցնելու բոլոր տեսակի քաղաքացիական անհնազանդությունները։ Շատերը, չխորանալով հայտարարության բովանդակության և իմաստի մեջ, այն բացարձականացնելով, սկսեցին քննադատել բողոքի որևէ գործողություն իրականացնողներին։ Մինչդեռ ցույցեր, ստորագրահավաքներ անելը կամ ինչ-որ ինստիտուտի, պաշտոնյայի քննադատությունը քաղաքացիական անհնազանդություն չէ, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի բնականոն կյանքը։ Չմոռանանք, որ հենց Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոյկոտել ապրանքների գները արհեստականորեն բարձրացնող սուպերմարկետներին։ Բայց հանրության մի մասը նախընտերեց իր մղումներին հարմարեցնել վարչապետի հայտարարությունը և արդարացնել սեփական անգործությունը, պատասախանավություն չվերցնելու ցանկությունը։ Սա իհարկե չի վերաբերում հետհեղափոխական բոլոր գործընթացներին և դրանց հետ կապված բոլոր դեմ և կողմ տեսակետներին։ Միևնույն ժամանակ, եթե ավտորիտար անհատի հիացմունքը և սերը վարչապետի հայտարարությունը պաշտպանելու համար հասավ ֆետիշացման մակարդակի, ապա նա անողոք գտնվեց «քաղաքացիական անհնազանդություն» իրականացնողների նկատմամբ՝ անվանելով նրանց օպորտունիստներ և հեղափոխոթյան թշնամիներ։

Մեկ այլ օրինակ է վարչապետի և նրա որդու տեսանյութը, որտեղ Նիկոլ Փաշինյանը նշում է իր տղայի բանակ զորակոչվելու որոշման մասին։ Տեսանյութից հետո եղան նմանտիպ խոսքեր՝ «կարո՞ղ ա մեր Նիկոլի տղուց լավն են, որ չեն ծառայում, թող սաղ գնան բանակ»։ Այստեղ նույնպես տեսնում ենք ոչ թե գաղափարի հետ համաձայնեցում, այլ զուտ անհատի։ Այսինքն՝ կարևոր չէ՝ ինչ է ասվում, այլ կարևոր է՝ ով է ասում։ Մինչդեռ այս տեսանյութի հիմնական ուղերձն այն էր, որ պաշտոնյաների զավակներն այլևս չեն խուսափելու բանակից։

Բազմակարծության, անկախ մտքին գնալու պահը

Շատերը հարցնում են՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ հեղափոխության օրերին ժողովուրդը հեշտ, արագ ընդունում էր հարթակից եկած խոսքերը, օրինակ՝ «վաղը 08։00-ից փակում ենք փողոցները» կամ «22։00-ից հետո բոլորս գնում ենք տուն»։ Այո՛, պետք է ընդունել, որ ժողովրդի ինքնակազմակերպումը հիանալի կերպով տեղի ունեցավ։ Բայց սա թերևս պայմանավորված էր ավտորիտար հանրույթին բնորոշ հետևյալ երևույթով՝ սպասել առաջնորդի կոչին, խոսքին և սեփական գործողությունները կանոնակարգել ըստ դրա։ Իհարկե, հեղափոխական շրջանում այս երևույթը շատ դրական էր և արդյունավետ, բայց այժմ կարծում եմ, որ մենք պետք է գնանք բազմակարծության, անկախ մտքի, անհատի նախաձեռնության խթանման ճանապարհով, այդ դեպքում է, որ պետությունը ավելի մեծ առաջընթաց կունենա, քանի որ յուրաքանչյուրիս ՕԳԳ-ն ավելի մեծ կլինի։ Սրա հետ կապված Ֆրոմը նշում է, որ մարդիկ կարող են լինել անկախ և յուրահատուկ՝ առանց կորցնելու այլ մարդկանց և հասարակության հետ միասնության զգացումը: Ազատության այդ տեսակը, որի ժամանակ մարդը զգում է իրեն աշխարհի մասը և միևնույն ժամանակ նրանից կախված չէ, Ֆրոմը անվանում է՝ դրական ազատություն։ Վերջինիս դեպքում մարդիկ գործում են իրենց ներքին բնույթին, այլ ոչ թե սոցիալական նորմերին և արգելքներին համապատասխան։ Սիրո և աշխատանքի շնորհիվ մարդիկ վերամիավորվում են այլ մարդկանց հետ՝ չզոհաբերելով անհատականության և ամբողջականության զգացումը:

***

Ֆրոմի տեսությունը բավական խորն է և մեկ հոդվածը բավական չէ նրան ամբողջովին անդրադառնալու համար, բայց վեջինիս ընթերցումը տալիս է մեզ համար կարևոր մի շարք հարցերի պատասխաններ։ Կարող ենք ասել, որ վերոնշյալ մի շարք խնդիրներ պայմանավորված են հասարակության քաղաքական մշակույթի ձևի հետ, իսկ հեղափոխության ամբողջական հաղթանակը՝ առանց վերջինիս կայացման և զարգացման, անհնար է։ Մենք չպետք է խուսափենք այն ազատությունից ու անկախությունից, որ նվաճել ենք, այլ հակառակը՝ պետք է ամբողջովին վերցնենք այն, դարձնենք մերը, օգտագործենք այն սեփական կատարելագործման համար։ Մենք այժմ թևակոխել ենք պետականաշինության մի կարևոր փուլ, երբ պետք է ինքնազատագրվենք նախկին ռեժիմի ժամանակ ստեղծված պարփակող, նախաձեռնությունը չխրախուսող ու ճնշող միջավայրից և վերցնենք մեր բաժին պատասխանատվությունը դրական փոփոխություններ անելու համար։

Մեկնաբանել