Զրոյից ստեղծել ազգային ֆուտբոլի զարգացման ռազմավարություն․ զրույց Նիկոլայ Պետրոսյանի հետ

Օգոստոսի 4-ից վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունը։ Դրան զուգահեռ առաջիկայում սպասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության փոփոխություն։ Ֆեդերացիայի նախագահի միակ թեկնածուն Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Արթուր Վանեցյանն է։ Հայկական ֆուտբոլի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է ռուսական championat.com կայքի համահիմնադիր, ԱՊՀ տարածքում Adidas ընկերության PR նախկին տնօրեն, BWIN բուքմեյքերական ընկերության ռուսաստանյան մասնաճյուղի մարքեթինգի տնօրեն Նիկոլայ Պետրոսյանի հետ:

– Հայաստանում խոսվում է ֆեդերացիայի նախագահի փոփոխության մասին, և ակումբները կողմ են հանդես գալիս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի թեկնածությանը։ Ի՞նչ եք կարծում ֆեդերացիայի նախագահի հնարավոր այս փոփոխության մասին։ Կարծիք կա, որ ՀՖՖ-ն պետք է ղեկավարի կոշտ մարդ, մի այլ տարածված կարծիքի համաձայն էլ՝ ֆեդերացիայի նախագահը նախկինի պես չպիտի առնչություն ունենա գործող իշխանությունների հետ։

– Սկսենք նրանից, որ կան լուրջ մտահոգություններ, որ ՖԻՖԱ-ն տեղի ունեցողը կարող է որակել որպես պետության կողմից ազգային ֆեդերացիայի գործերին միջամտություն, ինչն արգելված է ՖԻՖԱ-ի կանոնակարգով: Իսկ եթե պարոն Վանեցյանն ընտրվի ՀՖՖ նախագահ, ապա միջամտությունն ավելի ակներև կդառնա, ինչն իր մեջ ՀՖՖ-ի նկատմամբ պատժամիջոցների ռիսկ է պարունակում: Բայց նույնիսկ եթե ենթադրենք, որ ՖԻՖԱ-ն աչքաթող կանի այս հանգամանքը, ապա ինձ մոտ հարց է առաջանում. արդյոք պարոն Վանեցյանը բավականաչափ ժամանակ կկարողանա՞ տրամադրել ՀՖՖ-ին: Ակնհայտ է, որ հայկական ֆուտբոլը խորը ճգնաժամի մեջ է, հետևաբար ֆեդերացիան, այդ թվում` ղեկավարը, պետք է աշխատեն 24/7 ռեժիմում: Բացի այդ, համոզված եմ, որ սպորտային ոլորտում հարկավոր են սպորտային մենեջմենթի փորձ ունեցող պրոֆեսիոնալներ: Միևնույն ժամանակ, սա չի նշանակում, թե ես հորդորում եմ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը վստահել նախկինում հայտնի ֆուտբոլիստի, լինի դա Յուրի Ջորկայեֆը կամ Խորեն Հովհաննիսյանը․ հիանալի ֆուտբոլային վարպետություն ունենալը և բազմաճյուղ խոշոր կազմակերպություն ղեկավարելը փոքր-ինչ տարբեր բաներ են: Իմ կարծիքով՝ հարկավոր է գտնել ոսկե միջինը՝ խնդիրների լուծմանը ներգրավելով հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչների, անմիջական ղեկավարումը մինչդեռ պետք է իրականացնեն սպորտային ոլորտի պրոֆեսիոնալները:

Հաշվի առնելով հայկական ֆուտբոլի ներկայիս անմխիթար վիճակը՝ կարելի է պնդել, որ նման պրոֆեսիոնալներ ներկայում կամ առհասարակ բացակայում են, կամ կարևոր որոշումների կայացմանը չեն մասնակցում: Ինչ վերաբերվում է կոշտ կառավարման մեթոդներին, ապա համոզված եմ, որ դրանք կիրառելի են բացառապես ուժային կառույցներում: Սեփական փորձիցս ելնելով՝ կարող եմ ասել, որ, եթե ցանկանում ես աշխատակիցների ստեղծագործական պոտենցիալը բացահայտել, դիսցիպլինան չպետք է լինի առաջնահերթ գործոն: Միևնույն ժամանակ, զանազան չարաշահումները խափանելու համար հայկական ֆուտբոլին օդի նման հարկավոր է, որ որոշ գործիչների մշտապես հետապնդի պարոն Վանեցյանի պես սկզբունքային անձի ստվերը:

– Հայաստանի վերջին առաջնությանը մասնակցում էին 6 թիմեր։ Բոլորը վստահ են՝ սա այն թիվը չէ, որով հնարավոր է ապահովել մրցունակ առաջնություն։ Այս տարի թիմերի թիվը կշատանա՝ հասնելով 9-ի։ Ըստ Ձեզ, որո՞նք են ակումբային ֆուտբոլի ամենահրատապ խնդիրները։

– Ազգային առաջնության մասնակիցների օպտիմալ թիվը որոշելու համար հարկավոր է հասկանալ, թե քանի միմյանցից անկախ ներդրողներ կան, որոնք պատրաստ են ապահովել ակումբների բնականոն գործունեությունը: Իհարկե 6 մասնակից ունեցող առաջնությունը լուրջ ընկալել հնարավոր չէ: Տարօրինակ է, երբ մասնակիցների կեսից ավելին եվրագավաթների ուղեգրեր են ստանում: Սա նման է առանց պարտվողների վիճակախաղի: Ինչ վերաբերում է անհրատապ խնդիրներին, ապա հարկավոր չէ խուճապի մատնվել: Հայկական ֆուտբոլը և դրա ակումբային բաղադրիչն այնպիսի ցածր դիրքերում են հայտնվել, որ ավելի վատ լինել այլևս չի կարող: Հետևաբար հարկավոր է խորը շունչ քաշել, զրոյից ստեղծել ազգային ֆուտբոլի զարգացման ռազմավարություն և սկսել այն քայլ առ քայլ իրականացնել: Ռազմավարական այս պլանի մշակմանը պետք է ներգրավված լինեն ոչ միայն ակումբները, այլև սպորտային ոլորտի, այդ թվում՝ արտերկրում բնակվող պրոֆեսիոնալները: Իսկ ամենահրատապ խնդիրն այն է, որ հարկավոր է վերացնել այն կարծրատիպը, թե հայկական ֆուտբոլը հարուստ անհատների ինքնավարության տարածքն է, և փակ այս էլիտար ակումբում հասարակությունը ասելիք և անելիք չունի:

– Ակումբային ֆուտբոլի զարգացման նախադրյալներից մեկն էլ ֆինանսավորումն է։ Հայաստանում ֆուտբոլ են ֆինանսավորում խոշոր օլիգարխները։ Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է հնարավոր փոխել այս միտումը, ու ֆինանսավորման ինչ մոդելներ եք նախընտրում։

– Բացառությամբ Գերմանիայի, ֆուտբոլային ակումբները հանդիսանում են մեծահարուստների կամ խոշոր ընկերությունների սեփականությունը: Ֆուտբոլը բիզնեսի այնպիսի ոլորտ է, որտեղ շահույթը երաշխավորված չէ և կախված է բազմաթիվ անկանխատեսելի հանգամանքներից: Այդ պատճառով որևէ խնդիր չեմ տեսնում, որ ակումբները ֆինանսավորվում են հարուստ գործարարների կողմից, բայց հարց է առաջանում, թե ինչ նպատակով են նրանք ֆինանսավորում տրամադրում: Կարդալով նրանց բազմաթիվ մեկնաբանությունները և հարցազրույցները՝ համոզվում եմ, որ ֆուտբոլային ակումբների սեփականատերերը իրենց գործունեությունը ներկայացնում են որպես բարեգործություն, անվերադարձ ներդրումներ և այլն: Սա լիովին հակասում է ակումբային ֆուտբոլի տրամաբանությանը: Ակումբը պետք է գործի, իսկ թիմը պետք է խաղա սեփական երկրպագուների համար՝ տալով նրանց պատկանելիության զգացում և խաղից առաջացող հույզեր՝ դրա դիմաց ստանալով եկամուտ: Իհարկե, բոլորս հասկանում ենք Հայաստանի բնակչության սահմանափակ վճարողունակության հանգամանքը, բայց դա չի արդարացնում դատարկ տրիբունաները և երկրպագուների հետ աշխատանքի բացակայությունը: Մեկ այլ օրինակ է վերջերս Երևանում կայացած լեգենդների հանդիպումը: Ես համոզիված եմ, որ այս գաղափարի հեղինակներն առաջնորդվում էին ամենադրական մղումներով, բայց ինչ ստացվեց արդյունքում: Հանրապետականի տրիբունաներում նկատելի թվով ազատ տեղեր կային, իսկ լեգենդներից յուրաքանչյուրը մի քանի տասնյակ հազար եվրո հոնորար ստացավ՝ մարզադաշտում զբոսանքի և մի քանի հնարքներ ցուցադրելու համար: Ո՞րն էր այս ակցիայի նպատակը, և ի՞նչ արդյունք էին հետապնդում նախաձեռնողները: Այդ գումարով կարելի էր մի քանի տասնյակ հայ մարզիչների ուսումը վճարել եվրոպական լավագույն ակադեմիաներում: Մյուս կողմից՝ սա մասնավոր փող է, և որևէ մեկը բարոյական իրավունք չունի քննադատել դրա նման կերպ ծախսելու որոշումը: Սակայն սա ևս մեկ անգամ է վկայում է ռազմավարության բացակայության մասին:

– Խոսվում է պրոֆեսիոնալ լիգայի անցման անհրաժեշտության մասին։ Ի՞նչ է պրոֆեսիոնալ լիգան, պե՞տք է անցնել դրան։

– Պրոֆեսիոնալ լիգան ստեղծվում է այն ժամանակ, երբ ակումբների սեփականատերերը չեն ցանկանում եկամուտները կիսել ֆեդերացիայի հետ: Այսինքն՝ նրանք տեսնում են, որ, մարքեթինգի և կոմերցիայի առումով ինքնուրույնություն ստանալով, կարող են ավելի արդյունավետ գործել: Սա է պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման տրամաբանությունը: Այստեղ հարց է առաջանում, թե ինչ հնարավոր եկամուտներից են զրկվում հայկական ակումբներն այսօր, երբ պրոֆեսիոնալ լիգա դեռ չկա: Սա նման է ֆենթեզի ֆուտբոլ խաղի. լսել ենք գեղեցիկ կյանքի մասին, կցկտուր պատկերացումներ ունենք և ուրեմն եկեք լիգա ստեղծենք: Նախքան լիգա ստեղծելը կարո՞ղ է արդյոք յուրաքանչյուր ակումբ ներկայացնել իր զարգացման ռազմավարությունը, կայունությունն ապահովող բանկային երաշխիքները, շահութաբերության մակարդակին հասնելու ժամկետները, երկրպագուների թվի աճի պլանային ցուցանիշները և այլն: Երբ տեսնենք, որ ակումբները լրջորեն են մոտենում սեփական գործունեությոանը, հնարավոր կլինի խոսել պրոֆեսիոնալ լիգայի ձևավորման մասին: Եթե ինքներդ չգիտեք, թե կմասնակցեք հերթական առաջնությանը, թե ոչ, կամ մեկ տարի անց ֆինանսավորում կունենաք, թե ոչ, ապա ի՞նչ լիգաների մասին է խոսքը: Միևնույն ժամանակ, ես համոզված եմ, որ հայկական ֆուտբոլը՝ լինի դա ակումբների, թե հավաքականների մակարդակով, ունի լուրջ կոմերցիոն պոտենցիալ: Այն կարող է շոշափելի գումարներ բերել, որոնք կարելի է օգտագործել ազգային ֆուտբոլի հետագա զարգացման համար: Քանի որ գաղափարները պաշտպանված չեն հեղինակային իրավունքով, մանարամասներ չեմ տրամադրի մամուլի էջերին, բայց պատրաստակամություն եմ հայտնում համագործակցել ՀՖՖ նոր ղեկավարության հետ, քանի որ իմ փորձը և սպորտային բիզնեսում ձեռք բերված կապերը վաղ թե ուշ հարկավոր է ծառայության դնել հանուն հայկական ֆուտբոլի բարգավաճման:

Զրուցեց Մկրտիչ Կարապետյանը

Մեկնաբանել