Մենք կռիվ չունենք գերեզմանների ու գերեզմանաքարերի դեմ․ Հայկ Խանումյան

Վերջերս Ստեփանակերտի կենտրոնում ջարդեցին ադրբեջանցի զորահրամանատար Ալլահվերդի Բաղիրովի տապանաքարը: Այս պատմությունը մեծ աղմուկ է հանել, որովհետև գերեզմանաքարը տեղադրվել էր Բաղիրովի արցախցի ընկերների կողմից: (Տե՛ս «Մի քարի պատմություն» հոդվածը): Այս պատմության մեջ շոշափվում է նաև Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանի անունը։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է Խանումյանի հետ։

– Պարոն Խանումյան, ձեր անունն էլ էր շոշափվում այս պատմության հետ, նշվում էր, որ դուք ներկա եք եղել կամ ինչ-որ կերպ մասնակցել գերեզմանաքարի տեղադրմանը: Դուք ի՞նչ կապ ունեք այս պատմության հետ:

– Գերեզմանաքարը տեղադրվել է Ա.Բաղիրովի ֆուտբոլային ընկերոջ՝ Ռազմիկ Պետրոսյանի կողմից, ես որևէ կապ չունեմ գերեզմանաքարի տեղադրման հետ և երբեևէ չեմ եղել Աղդամի գերեզմանատանը, որտեղ գտնվում է Ա. Բաղիրովի շիրիմը: Ընդհանրապես Ա.Բաղիրովի գերեզմանաքարը գոյություն է ունեցել 1994-ից սկսած, դրա մասին բազմաթիվ ֆոտոներ ու նյութեր կան: Վերջերս գերեզմանաքարն ինչ-ինչ հանգամանքներում անհետացել էր, և Ռ.Պետրոսյանը ցանկացել էր թարմացնել այն: Մենք ֆիլմ ենք պատրաստում Բաղիրովի ու նրա հայ ընկերների հարաբերությունների մասին, այն մասին, թե ինչպես պատերազմի ժամանակ այդ հարաբերությունների շնորհիվ բազմաթիվ գերիներ են փոխանակվել ու բազմաթիվ մարդիկ են փրկվել: Ֆիլմում հարցազրույցներ են Վիտալի Բալասանյանի, Ռազմիկ Պետրոսյանի, ևս մեկ ընկերոջ հետ: Ռ.Պետրոսյանի հետ հարցազրույցը մեր նկարահանող խումբը վերցրել է հենց Ա.Բաղիրովի գերեզմանի մոտ:

– Ֆիլմի մասին Արցախի իշխանությունները տեղյա՞կ են եղել:

– Այո, իհարկե: Հարցազրույցներից մեկն արվել է ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, ով պատերազմի ժամանակ եղել է Ասկերանի շրջանի հրամանատարը և կապի մեջ է եղել Բաղիրովի հետ: ԱԱԾ-ն այս ծրագրի մասին տեղյակ է եղել ծրագիրը նույնիսկ դեռ չսկսած՝ 2018թ. փետրվարին: Երբ ես խոսել եմ Ռազմիկ Պետրոսյանի հետ, առաջարկել եմ նրան հարցազրույց տալ Բաղիրովի գերեզմանի մոտ։ Նա ասել է, որ հին քարը չկա, ինքը պատրաստվում է նոր գերեզմանաքար տեղադրել, և քարն արդեն պատվիրված է: Պարոն Պետրոսյանն ասել է, որ կուզենար թույլտվություն ստանալ ԱԱԾ-ից, նոր միայն քարը տեղադրել: Ես այս հարցով խոսել եմ ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արշավիր Ղարամյանի հետ: Ասել եմ, որ Ռազմիկ Պետրոսյանը ցանկանում է Բաղիրովի գերեզմանաքարը տեղադրել և ուզում է ձեր թույլտվությունն ունենալ:

Ղարամյանն ինձ ասել է, որ քսան տարուց ավելի քար է եղել, բան ասող չի եղել, հիմա՞ պետք է բան ասեն: Նա խոստացել է զանգել և խոսել Ռազմիկ Պետրոսյանի հետ: Ինչպես Պետրոսյանն է հաղորդում, ԱԱԾ տնօրենը զանգել է իրեն, ասել, որ որևէ խնդիր չկա գերեզմանաքարը տեղադրելու հարցում, կարող են նկարահանել, եթե պետք լինի, հետագայում քարը կհանեն: Ասեմ, որ Ղարամյանը տեղյակ է եղել ծրագրին, ծրագրի նպատակներին և հորդորել զգույշ լինել Թբիլիսիում:

– Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ Դուք իրեն դիմել եք ընդամենը Բաղիրովի վերաբերյալ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և Ռազմիկ Պետրոսյանի հետ հարցազրույցներ վարելու համար և որ Բաղիրովի հուշաքարը տեղադրվել է ինչ-որ դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

-Արշավիր Ղարամյանն ակնհայտորեն ստում է: Որևէ մեկից հարցազրույց վերցնելու համար, առավելևս՝ ԱԱԽ քարտուղարից, ԱԱԾ տնօրենին հարցնել պետք չէ: Առավելևս, որ թե՛ Բալասանյանը, թե՛ Պետրոսյանն այդ թեմայով հարցազրույցներ տվել են տարիներ շարունակ: Ինչպես նշեցի, Ռազմիկ Պետրոսյանը գերեզմանաքարը պատվիրել է դեռևս մեր ծրագրի սկսվելուց առաջ, և ակնհայտորեն զրպարտություն է այդ քարի տեղադրելը կապել մեր ծրագրի կամ որևէ դրամաշնորհի հետ: Քարի վրա էլ գրված է եղել «Ռազմիկ Պետրոսյանից և այլ ընկերներից»:

Դուք մեղադրել եք Արշավիր Ղարամյանին այդ տապանաքարի «օպերացիայի» կազմակերպման և այն ձեր դեմ օգտագործելու համար: Ինչու՞ եք այդպես կարծում:

-Ղարամյանի՝ Ձեր մեջբերած ֆեյսբուքյան գրառումը գալիս է հաստատելու իմ այս պնդումները: Ղարամյանն ակնհայտորեն ստում է և կրկնում այն ստերը, որը մինչև այդ տարբեր ֆեյսբուքյան օգտատերեր և ֆեյքեր օգտագործում էին մեր դեմ: Ակնհայտ է, որ այս ամենն ուղղորդվում էր հենց Ղարամյանի կողմից: Վերջերս Արցախում ներքաղաքական գործընթացներ են, և Ղարամյանը, որպես Բակո Սահակյանի կողմնակից և իշխանության այսպես կոչված ուժային թևի ներկայացուցիչ, փորձում է այս պատմությամբ հարվածել մի քանի թիրախների՝ ինձ, Վիտալի Բալասանյանին ու ևս մի քանի ուժերի: Այս ամենի համար հիմնականում օգտագործում է ֆեյսբուքի այն օգտատերերին, որոնք լծված են իրեն և իր ընտանիքը գովերգելուն: Մեր վերջին հանրահավաքներից մեկում մենք քննադատել էինք նաև Արշավիր Ղարամյանին, և նա փորձում է այս ձևով վրեժ լուծել նաև դրա համար:

Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Ռազմիկ Պետրոսյանի՝ ադրբեջանցի զինվորականի գերեզմանին քար դնելու փաստին՝ հաշվի առնելով, որ այդ զինվորականը ժամանակին գրավել էր մի շարք հայկական գյուղեր, նրա զորքը որոշ մարդկանց նկատմամբ վայրագություններ էր գործել: Եվ ինչքանո՞վ է նպատակահարմար նրա ու իր հայ ընկերների պատմությունը ներկայացնել լայն հանրությանը:

-Ես դա համարում եմ շատ համարձակ քայլ, քանզի հենց սկզբից Ռազմիկ Պետրոսյանը գիտեր, որ դա միանշանակ չի ընդունվելու հանրության կողմից: Ռազմիկ Պետրոսյանը և Լյոնյան իսկական ընկերոջ վարքագիծ են դրսևորել, և դա չի նսեմացնում նրանց հայրենասիրությունը: Եթե նրանք համարել են, որ իրենց ընկերոջ գերեզմանը չպետք է առանց քարի մնա, ապա դա իրենց որոշումն է, և մենք շատ բան չունենք ասելու: Ես հասկանում եմ մարդկանց, ովքեր վրեժի զգացմունքով են լցված ադրբեջանցիների նկատմամբ: Սակայն Ալլահվերդու վրեժը մենք արդեն հանել ենք, նրա գրաված համայնքներն ազատագրված են, նրա ծննդավայր Աղդամի փոխարեն այսօր ձմերուկի դաշտեր են, Ալլահվերդին սպանվել է դեռ 1992թ., նրա զորքը ոչնչացված է: Մենք կռիվ չունենք գերեզմանների ու գերեզմանաքարերի դեմ: Դա մերը չէ: Արցախում պատերազմն առնչվում է բոլորին, նույնիսկ իմ մեկուկես տարեկան որդուն, քանզի նա պատերազմում պապիկ է կորցրել: Սակայն մենք նրան երբեք գերեզմանաքարերի դեմ պայքարող չենք դաստիարակի, դա նույնիսկ նվաստացուցիչ է: Միակ տարբերակը ուժեղ, զարգացած երկիր ունենալն է, որ ոչ ոք նույնիսկ չհամարձակվի հարձակվել քեզ վրա: Իմ որդուն այդպիսի երկիր ունենալու տեսլականով եմ դաստիարակելու:

Արժե՞ արդյոք ֆիլմ պատրաստել Ալլահվերդի Բաղիրովի, Վիտալի Բալասանյանի, Ռազմիկ Պետրոսյանի հարաբերությունների մասին: Իմ կարծիքով արժե: Այս մարդիկ իրենց համագործակցության շնորհիվ կյանքեր են փրկել: Խոսքը հարյուրավոր, հազարավոր մարդկանց մասին է: Եթե նրանց ստեղծած կամուրջները չլինեին, նույն Արշավիր Ղարամյանը գերությունից տուն չէր վերադառնա, չէր տեսնի իր գերության ժամանակ ծնված որդուն, այլ կսպանվեր, ինչպես սպանվեցին 2016թ. ապրիլին գերի ընկած մեր զինվորները: Այդ կապերի շնորհիվ է, որ շատ ընտանիքները հնարավորություն են ունեցել վերադրաձնել իրենց հարազատներին: Ի վերջո, այս ֆիլմով ցույց է տրվում, որ նույնիսկ պատերազմի ամենավատ ժամանակ կարելի է հարգել պատերազմի օրենքները:

Վերջերս Արշավիր Ղարամյանը հանդես եկավ հողերի զիջման դեմ մեծ հանրահավաք կազմակերպելու կոչով: Դա ինչո՞վ էր պայմանավորված:

-Կարծում եմ այդ նախաձեռնությունը նույնպես նույն մոտիվացիան ուներ՝ կպչել հանրության ազգայնական զգացմունքներին և այդ հողի վրա իր անձի շուրջ կոնսոլիդացիա ապահովեր: Պետք է նկատել, որ Արշավիր Ղարամյանն Արցախի իշխանության ամենահետադիմական, ամենաագահ դեմքերից մեկն է: Ամբողջ կյանքում զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող այս անձը հաջողել է Ստեփանակերտի կենտրոնում իր ծավալներով աննախադեպ քառահարկ դղյակ կառուցել, ակնհայտորեն ապօրինի հարստացած պաշտոնյա է, նրա անունը կապվում է բանակի մատակարարումների, Ազգային անվտանգության ծառայությունը ոչ նպատակային օգտագործման և այլ հանցագործությունների հետ:

Հայաստանյան վերջին իրադարձությունները խիստ մտահոգել են նաև Արշավիր Ղարամյանին, որը ջղաձիգ քայլեր է կատարում՝ փորձելով կեղծ օրակարգերի շուրջ մարդ հավաքել իր շուրջ: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ՀՀ միակ իշխանությունն է, որը տարածքային զիջումներից չի խոսել: Ավելին, երբ Սերժ Սարգսյանը գալիս էր Արցախ ու տարբեր խմբերի հետ խոսում էր տարածք հանձնելու անհրաժեշտությունից, նույն Արշավիր Ղարամյանը ոչ մի խոսք չի ասել, առավելևս չի արտահայտվել հրապարակայնորեն: Ռազմիկ Պետրոսյանը, որին այսօր թիրախավորել են Ղարամյանն ու նրա համակիրները, Արցախյան շարժման ակտիվիստների հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը լրջորեն քննադատել է վերջինիս՝ պարտվողական դիրքորոշման համար: Այդպես վարվել են նաև մի շարք պատգամավորներ և ակտիվիստներ: Իսկ Ղարամյանն ու Բակո Սահակյանի այլ թիմակիցներ ընդամենը եղել են Սերժ Սարգսյանի գործիքները հանրությանը վերահսկելու համար:

Նախկինում նրանք ուղղակի տարբեր ձևերով ահաբեկում էին հանրությանը, հիմա կորցրել են իրենց թիկունքը Երևանում և զբաղված են հանրությանը մանիպուլյացնելով: Այս գործի համար օգտագործում են հիմնականում սոցցանցերի կեղծ և իրական օգտատերերին: Մեկ այլ առիթով մենք կանդրադառնանք այս հարցին, թե ովքեր և ինչպես են օգտագործում, օրինակ, պետական ծառայողներին իրենց քարոզչական պատերազմներում: Ամփոփելով ասածս՝ նշեմ, որ Արշավիր Ղարամյանը վերջին ջղաձգումների մեջ է և ցանկանում է հանրության մեջ ատելություն սերմանելով՝ ինչ-որ նպատակների հասնել:

Մեկնաբանել