Խուզարկություն Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը

«Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը։ Այս տեղեկատվությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Հարցին, թե ե՞րբ է իրականացվել խուզարկությունը, Օհանջանյանը միայն տեղեկացրեց, որ այն օգոստոսի 20-ին չի եղել։

Ի՞նչ է առգրավվել Ռոբերտ Քոչարյանի առանձնատնից հարցին ի պատասխան խոսնակը տեղեկատվություն չտրամադրեց՝ պարզաբանելով, որ այս պահին իրավասու է հայտնել միայն խուզարկության մասին։ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ հավելյալ տեղեկատվություն լինելու պարագայում ՀՔԾ-ն հայտարարությամբ հանդես կգա։

Ռոբերտ Քոչարյանին մեղանդրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-ի գործով, նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար, ըստ ՀՔԾ-ի՝ Քոչարյանն այլ պաշտոնատար անձանց հետ զինված ուժերը օգտագործել է քաղաքական գործընթացներում։

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը փոխեց առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Քոչարյանը երկու ամսով կալանավորվել էր հուլիսի 27-ին։

Վերաքննիչ դատարանը, ըստ Քոչարյանի փաստաբանների, իր որոշման մեջ հիմնվել է նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորություններն իրականացնելու շրջանակում անձեռնմխելիության դրույթից։ Դատախազությունը հայտարարել է, որ օգոստոսի 20-ին Վճռաբեկ բողոք կբերի՝ վիճարկելով Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը։

Գևորգ Թոսունյան