Թուրքիան ցեղասպանություն չի գործել, հայերի դեմ խտրականություն չկա․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հերքել է Հայոց ցեղասպանությունը և հայտարարել, որ Թուրքիայում հայերը խտրականության չեն ենթարկվում։

Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովի ժամանակ Ցեղասպանությունը վերապրածների ժառանգը Էրդողանին հարց է ուղղել Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների մասին, ինչին ի պատասխան նա ասել է․ «Թուրքիային չի կարելի մեղադրել հայերի դեմ ցեղասպանություն գործելու մեջ։ Ցեղասպանության հարցով, խնդրում եմ, թողնենք քննարկումները պատմաբաններին և լսենք, թե ինչ են ասում։ Սա մեր պատմության մաս չէ, և ես կարող եմ վստահաբար ասել, որ մենք պատրաստ ենք ներգրավվել ցանկացած քննարկման մեջ»։

Այնուհետև Թուրքիայի նախագահը հարցադրում է արել, թե արդյոք լրագրողը գիտի՝ քանի՞ հայ է ապրում իր երկրում:

«Հարյուր հազարավոր։ Նրանցից մոտ 30 հազարը քաղաքացի են, մնացածն առանց փաստաթղթերի են։ Նրանք փախուստի են դիմել Հայաստանից Թուրքիայում հաստատվելու համար։ Եվ մենք նրանց թույլ ենք տալիս դա։ Մեր երկրում ընդհանուր առմամբ ապրում է 100 հազար հայ։ Նրանք երբեք խտրականության չեն ենթարկվել քաղաքացիության սկզբունքով, մենք երբեք ոչ մի հայի չենք արտաքսել այս հիմքով։ Մենք մեր քաղաքականության մեջ շատ մարդասեր ենք և շարունակելու ենք այդպես մնալ»,- հայտարարել է Էրդողանը։

Մեկնաբանել