ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի նախօրեին

Առաջիկա օրերին սպասվում է ավանդական կուսակցություններից Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ
Ընդհանուր ժողովը։ Ինչպես նախորդ հինգ իրարահաջորդ ժողովները, այնպես էլ այս մեկը տեղի է ունենալու Հայաստանում։ ՀՅԴ Բյուրոյի՝ Աթենքից Հայաստան տեղափոխվելուց հետո կուսակցության բոլոր ժողովները՝ սկսած 2000-ից, անց են կացվել Ծաղկաձորում, մեկը՝ Դիլիջանում։

Ընդհանրապես, ՀՅԴ Ընդհանուր ժողովները տեղի են ունենում 4 տարին մեկ, սակայն հանգամանքներով
պայմանավորված՝ կարող են այլ ժամկետներում գումարվել։ Կուսակցության ընդհանուր ժողովներում քննարկվում է Բյուրոյի՝ նախորդ տարիների գործունեությունը, ինչպես նաև առաջիկա տարիների անելիքները, ավելի ճիշտ՝ ՀՅԴ ռազմավարական նպատակներն ու առաջադրանքները։ Ժողովի ավարտին ընտրվում է կուսակցության բարձրագույն գործադիր մարմինը՝ ՀՅԴ Բյուրոն և նրա ներկայացուցիչը։

Բյուրոյի կազմը թվային իմաստով փոփոխական է։ Վերջին Բյուրոյի կազմում 11 հոգի է, որոնցից 4-ը՝ Հայաստանից
(Հրանտ Մարգարյան՝ ներկայացուցիչ, Արմեն Ռուսատամյան՝ քաղաքական ներկայացուցիչ, Կիրո Մանոյան, Սպարտակ Սեյրանյան), 2-ական՝ Լիբանանից (Բենիամին Պչաքճյան, Հակոբ Խաչերյան), ԱՄՆ-ից (Վիգեն Յակուբյան, Խաչիկ Մուրադյան) և մեկական Իրանից (Վիգեն Բաղումյան), Ֆրանսիայից (Մուրադ Փափազյան) և Կանադայից (Հակոբ Տեր-Խաչատուրյան):

2000 թվականից ի վեր Բյուրոյի անփոփոխ ներկայացուցիչը Հրանտ Մարգարյանն է։ ՀՅԴ առաջին և երկրորդ Ընդհանուր ժողովները գումարվել են կուսակցության ծննդավայր Թիֆլիսում՝ համապատասխանապար 1892-ի հուլիս-սեպտեմբեր և 1898-ի ապրիլ-հունիս ամիսներին։ Հենց Թիֆլիսում, որն այն ժամանակ Ռուսական կայսրության փոխարքայության կենտրոնն էր, տեղի են ունեցել Դաշնակցության հիմնադիր ժողովները 1890-ի հուլիս-օգոստոս ամիսներին։

ՀՅԴ հաջորդ երեք Ընդհանուր ժողովները գումարվել են Եվրոպայում՝ երրորդ Ընդհանուր ժողովը 1904-ի փետրվար-
մարտին Սոֆիայում, չորրորդը՝ 1907-ի փետրվար-մայիս հատվածում Վիեննայում և հինգերորդը՝ 1909-ի օգստոս-
սեպտեմբերին կրկին Բուլղարիայում, այս անգամ՝ Վառնա քաղաքում։

Կուսակցության հաջորդ երեք ժողովները գումարվել են Օսմանյան կայսրության տարածքում՝ 6-րդը՝ 1911-ի օգոստոս-
սեպտեմբերին Պոլսում, 7-րդը և 8-րդը՝ Կարին-Էրզրումում՝ 1913-ի օգոստոսին և 1914-ի հուլիս-օգոստոսին։

ՀՅԴ 128-ամյա պատմության մեջ սա միակ ժամանակահատվածն է, երբ երկու Ընդհանուր ժողովները տեղի են ունեցել մեկ տարվա տարբերությամբ։ Սա նաև Առաջին աշխարհամարտին և Հայոց ցեղասպանությանը նախորդող
ժամանակահատվածն էր։ ՀՅԴ 8-րդ Ընդհանուր ժողովում կուսակցությունը որոշեց սկսված Առաջին աշխարհամարտում չեզոք դիրք բռնել։ Կուսակցության հաջորդ՝ 9-րդ Ընդհանուր ժողովը առաջինն էր, որ տեղի ունեցավ անկախ պետականություն ունենալու պայմաններում։

Հայաստանի Հանրապետության հիմնադրման և կառավարման գործում ՀՅԴ դերակատարությունը եղել է
առանցքային։ Կուսակցության 9-րդ Ընդհանուր ժողովը տեղի ունեցավ 1919-ի դեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի
30-ը մայրաքաղաք Երևանում։ Հենց այդ ժողովում է ընդունվել որոշում ոչնչացնել երիտթուրք ոճրագործներին, որոնք
հղացան և իրագործեցին հայ ժողովրդի բնաջնջման հրեշային ծրագիրը։ Մի քանի տասնյակ երիտթուրք ոճրագործներ, այդ թվում՝ թիվ մեկ պատասխանատու Թալեաթ փաշան, հիմնականում սպանվեցին դաշնակցական վրիժառուների ձեռքով։

Կուսակցության հաջորդ երեք ժողովները գումարվեցին Փարիզում, որտեղ հիմնականում հաստատվել էին Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք։ ՀՅԴ 11-րդ Ընդհանուր ժողովը տեղի ունեցավ 1924-ի նոյեմբեր-1925-ի հունվար, 12-րդը՝ 1929-ի մարտ-մայիս 2, 12-րդը՝ 1933-ի փետրվար-մարտ հատվածում։

ՀՅԴ հաջորդ հինգ ժողովները գումարվեցին Կահիրեում․ 13-րդը՝ 1938-ի հուլիս-սեպտեմբեր, 14-րդը՝ 1947-ի
սեպտեմբեր-հոկտեմբեր, 15-րդը՝ 1951-ին, 16-րդը՝ 1955-ի ապրիլ-մայիս և 17-րդը՝ 1959-ին։ Երկրորդ
աշխարհամարտը պատճառ դարձավ, որ կուսակցության 13-րդ և 14-րդ ժողովների միջև տարբերությունը լինի ինը
տարի։

Կուսակցության 18-րդ և 19-րդ Ընդհանուր ժողովները կայացան Բեյրութում՝ 1963-ի հոկտեմբեր-նոյեմբեր և 1967-ի
նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ 20-րդը կայացավ Վիեննայում՝ 1972-ի դեկտեմբերին, 21-րդը Բեյրութում՝ 1977-ի
դեկտեմբեր-1978 հունվար հատվածում, 22-րդը՝ 1981-ի դեկտեմբերին։ Նախքան Հայաստանի անկախությունը ՀՅԴ-ն
ևս երկու Ընդհանուր ժողով ունեցավ՝ 23-րդը և 24-րդը, երկուսն էլ՝ Աթենքում՝ 1985-ին և 1988-ին։

1991-ի անկախության հռչակումից առաջ՝ 1990-ի օգոստոսին, ՀՅԴ-ն հայտարարեց Հայաստանում իր
վերահաստատման մասին։ 25-րդ Ընդհանուր ժողովը նախատեսված էր բացել 1992-ի հունիսի 29-ին, սակայն այն
չկայացավ, քանի որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի արգելեց այն, իսկ ժողովի նախօրեին
Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը ստիպված եղավ հեռանալ Հայաստանից։ ՀՅԴ ընդհատված 25-րդ
Ընդհանուր ժողովը անցկացվեց 1992-ի հոկտեմբերին՝ Փարիզում։

ՀՅԴ 26-րդ և 27-րդ Ընդհանուր ժողովները անցկացվեցին 1995-ի նոյեմբերին Լիբանանի Լաքլուք քաղաքում և 1998-
ի հունվար 26-փետրուար 5-ին՝ Բեյրութում։ Զուգադիպությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը համընկավ
ՀՅԴ 27-րդ Ընդհանուր ժողովի հետ։ Ի դեպ, դա նաև կուսակցության վերջին Ընդհանուր ժողովն էր Հայաստանից
դուրս։

1998-ին ՀՅԴ-ն վերականգնեց իր գործունեությունը Հայաստանում, կուսակցության մի շարք գործիչներ, այդ թվում՝
Հրանտ Մարգարյանը դուրս եկան ազատություն։ 1998-ից մինչև 2018՝ շուրջ երկու տասնամյակ, որոնք երկրորդ և
երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության շրջաններն էին, որոշակի կարճ
դադարներով ՀՅԴ-ն իշխանության մեջ էր։

2018-ի ապրիլին ՀՅԴ-ն պաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի, այս դեպքում՝ երկրի ղեկավարի պաշտոնում։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց, երկու օր անց ՀՅԴ-ն լքեց ՀՀԿ-ի հետ կոալիցիան։ Երկու շաբաթ անց ՀՅԴ-ն մաս կազմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, որը շարունակվեց մինչև հոկտեմբեր։

2018-ի դեկտեմբերի 9-ին ՀՅԴ-ն մասնակցեց ԱԺ արտահերթ ընտրություններին և ստացավ քվեների 3․9 տոկոսը։

Լուսանկարում՝ ՀՅԴ քարոզարշավը Երևանում, 2018թ․ նոյեմբեր

Մեկնաբանել