Երևանի քաղաքապետարանը նախաձեռնում է շենքերի տանիքներին մանսարդներ կառուցելու գործընթաց

Երևանի քաղաքապետարանը շենքերի տանիքներին մանսարդներ կառուցելու գործընթաց կսկսի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գրանդ քենդի» ընկերության կառուցած շենքի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը, թե Երևանի քաղաքապետարանը նախատեսում է քանդել շենքերի տանիքներին կառուցված մանսարդները:

Նրա խոսքով՝ գործընթացը պետք է լինի կարգավորված, համակարգված Երևանի գլխավոր ճարտարապետի, ճարտարապետական բլոկի կողմից թույլատրված:

«Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, և դա պետք է լինի այսպես կոչված քաղաքի հինգերորդ ճակատը: Դրանով գեղեցկանում է քաղաքը, շենքը, մարդկանց համար էլ նոր բնակարաններ են ստեղծվում: Փարիզում շենքերի տանիքների հարցը հենց այսպես է լուծվել»,- ասել է Մարությանը:

Նա նշել է, որ շենքերում մանսարդները կկառուցվեն միայն շենքի բնակիչների ցանկության պարագայում:

Մեկնաբանել