Հայաստանը բանակային ֆուտբոլային ակումբ կունենա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և պաշտպանության նախարարությունը մտադիր են բանակի կենտրոնացված մարզական ակումբ հիմնել և այս ուղղությամբ արդեն որոշ քայլեր արվել են։ Ապրիլի 11-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Մելիքբեկյանն ասել է, որ հանդիպում է կայացել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջև։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն հաջորդ շաբաթ ստեղծել աշխատանքային խումբ ու կարգավորել ակումբի հետ կապված հարցերը։ Ակումբը հանդես է գալու Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնությունում։

Վերջին տարիներին հայկական ֆուտբոլային ակումբների որոշ սեփականատերեր, նաև ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ անդրադառնում էին բանակային ակումբ ունենալու հրամայականին։ Բանն այն է, որ բազմաթիվ հեռանկարային ֆուտբոլիստներ, հասնելով բանակային տարիքի, զորակոչվում են բանակ, իսկ արդեն զորացրվելիս չեն ունենում կարիերան շարունակելու մոտիվացիա կամ անհրաժեշտ մարզավիճակ (չեն զորացրվում միայն այն ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս Հայաստանի պատանեկան հավաքականներում)։ Բանակային ակումբ ունենալը նման ֆուտբոլիստներին թույլ կտա պահպանել մարզավիճակն ու ծառայության ավարտից հետո ավելի հեշտությամբ շարունակել ֆուտբոլային կարիերան։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել