Բաթումիից թռիչքները՝ «Շիրակ», Թբիլիսիից` «Զվարթնոց» օդանավակայաններով․ վարչապետի խորհրդական

Հայկական «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ավիաընկերությունները կավելացնեն դեպի Վրաստան ուղևորափոխադրումներ կատարող իրենց օդանավերի թիվը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հունիսի 24-ին գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

«Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության և հնարավորությունների ճշտման նպատակով:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան», պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին, ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով: Արդյունքների մասին զեկուցվել է վարչապետին»,- գրել է Ճաղարյանը:

Ավելի ուշ մեկ այլ գրառմամբ Ճաղարյանը տեղեկացրել է, որ Բաթումիից կատարվող թռիչքները նախատեսվում է կազմակերպել Գյումրու «Շիրակ», իսկ Թբիլիսիից կատարվողները` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանների միջոցով:

«Այսօր շարունակվել են ՌԴ-Վրաստան բոլոր ուղղություններով թռիչքների դադարեցման շուրջ սպասվող անժամկետ ճգնաժամի լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Կարող ենք արձանագրել, որ մեր գործուն քայլերի կազմակերպումն արել ենք ավելի արագ և ավելի որակով, քան որևէ մեկը կառաջարկեր իր տարածքը օգտագործել որպես տարանցիկ փոխադրումների կենտրոն մեր 2 բարեկամ պետությունների միջև:

Այսպիսով` Բաթումիից կատարվող թռիչքները նախատեսվում է կազմակերպել Գյումրու «Շիրակ», իսկ Թբիլիսիից կատարվողները` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանների միջոցով:

Արդեն հայկական ավիաընկերություններից մեկը պլանավորում է թռիչքներ սկսած հուլիսի 8-ից դեպի ռուսական 4 ուղղություն: Իսկ Բաթումիից կատարվող թռիչքների քանակի և ուղղությունների մասին կտեղեկացնեմ մի փոքր ուշ:

Ուզում եմ տեղեկացնել նաև, որ առաջարկներ հայտնվեցին նաև Ադրբեջանի կողմից, Գանձակի օդանավակայանը օգտագործելու համար:

Այս պարագայում, հուսով եմ, արդեն ուշացած:

Ուրախությամբ պիտի նշեմ գործընթացի կազմակերպմանը մասնակից բոլոր օղակների` ավիաընկերությունների, օդանավակայանների, նավիգացիոն, վերգետնյա և այլ ծառայությունների պատրաստակամության և արագ աշխատանքի մասին։

Հայաստանը կարող է և կդառնա կամուրջ մեր բարեկամ երկրներն իրար կապելու համար»»,- հունիսի 24-ին գրել է Ճաղարյանը։

***

Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների հերթական սրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունիսի 20-ին Թբիլիսիում սկսվել են բողոքի ակցիաներ՝ հակառուսական կարգախոսներով։ Բողոքի պատճառ է դարձել Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական 26-րդ վեհաժողովի ժամանակ ՌԴ Պետդումայի պատվիրակի կողմից Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելու փաստը։

Հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ արգելելով ՌԴ ավիաընկերություններին Վրաստան տեղափոխել ռուսաստանցիներին։ Արգելքը ուժի մեջ է մտնելու հուլիսի 8-ից։

Հունիսի 23-ին «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը կոչ է արել տնտեսական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ։

Կարդացե՛ք նաև՝

«Վրացական երազանքը» բավարարել է ցուցարարների պահանջներից մեկը

Լուսանկարում՝ Բաթումի քաղաքը ինքնաթիռից

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել