Ընտրություն՝ առանց ընդդիմադիրների․ ինչու է Մոսկվան վախենում

Ռուսաստանում ընդդիմադիր հայտնի թեկնածուներին թույլ չեն տվել մասնակցել Մոսկվայի ընտրություններին

Գերմանական Handelsblatt պարբերականի Մոսկվայի թղթակից Անդրե Բալլենը գրում է այն մասին, որ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում Ռուսաստանի իշխող կուսակցության վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել հանրային հարցումներում: Ըստ հեղինակի, Ռուսաստանը ցանկանում է խուսափել Ստամբուլում տեղի ունեցած սցենարից և դրա համար չի խուսափում դիմել ցանկացած միջոցի։ Այդ իսկ պատճառով ամեն կերպ խոչընդոտել են ընդդիմադիր թեկնածուների գրանցումը Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում։

«Ստամբուլը նախազգուշացնող օրինակ է ռուսական կողմի համար»,- գրում է Բալլենը։ «Հունիսին ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն պարտության մատնեց իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հայտնի քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Բինալի Յըլդրըմին։ Եվ դա՝ չնայած վարչական ճնշմումներին և պետական հավատարիմ հեռուստաալիքների կողմից երկարատև հակաքարոզչությանը, ու նույնիսկ ի հեճուկս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նշանակած կրկնակի ընտրություններին, որին չէին գոհացրել ընտրությունների առաջին փուլի արդյունքները»:

«Կրեմլում հաշվի են առել Թուրքիայում կայացած ընտրությունների արդյունքը և Էրդողանի դիրքերի թուլացումը։ Երկու երկրների քաղաքական համակարգերը համադրելի են, խարիզմատիկ առաջնորդները իրենց երկրներին տանում են դեպի ավտորիտարիզմ։ Սակայն Էրդողանի և Պուտինի երբեմնի մեծ ժողովրդականությունն գնալով անկում է ապրում»,- նկատում է հոդվածագիրը:

«Դեռ անցյալ աշնանը Կրեմլը երկու նշանակալի ձախողում ունեցավ, երբ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածուները պարտություն կրեցին Խաբարովսկի, Վլադիմիրի շրջաններում և Խակասիայի Հանրապետությունում նահանգապետի ընտրություններում։ «Միասնական Ռուսաստանը» չի կարող և չի ցանկանում ձախողում թույլ տալ մայրաքաղաքում»։

«Միևնույն ժամանակ, ըստ Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոն (ՀԿՀՀԿ) պետական ինստիտուտի, կուսակցության պաշտոնական վարկանիշը նվազել է մինչև 32,2 տոկոսի՝ հասնելով նորագույն նվազագույնին. «Միասնական Ռուսաստանի» վարկանիշը վերջին անգամ այդքան ցածր եղել է 2006-ին»։

«Իրական վտանգ կա, որ «Միասնական Ռուսաստանը» Դումայում կկորցնի ունեցած մեծամասնությունը»,- ենթադրում է Բալլենը: Դրանից խուսափելու համար կառավարությունը տարբեր մեթոդներ է կիրառում: Մասնավորապես, «Միասնական Ռուսաստանի» թեկնածուները ներկայանում են որպես անկախ թեկնածուներ՝ «որպեսզի իրենց հեռու պահեն կուսակցության վատթարացող կերպարից»:

Մոսկվայում, գրում է հրատարակությունը, ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել ինը թեկնածուների, որոնք, իբր թե, կեղծել են ընտրողների ստորագրությունները: Նրանց թվում են, օրինակ, Իլյա Յաշինը, Լյուբով Սոբոլը, Դմիտրի Գուդկովը: «Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովն արդեն բողոք է ներկայացրել որոշ թեկնածուների կողմից «շանտաժի և ճնշման» մասին, որոնք ցանկանում էին գրանցվել։ Ըստ բողոքի, այդ թեկնածուների գործողությունները կարող են պարունակել քրեական հանցագործությունների տարրեր: Սա վկայում է, որ իշխանությունները մտադիր են բոլոր մեթոդներով շարունակել ճնշել ցույցերը»,- նշում է հեղինակը:

«Ընդդիմությանը քաղաքական գործընթացներից ընդհանրապես չեզոքացնելով՝ Կրեմլը կրակի հետ է խաղում: Նախկինում Ռուսաստանի ղեկավարությունը հաճախ հմտորեն իր հակառակորդներին միմյանց դեմ էր լարում։ Քաղաքական գործընթացներից նրանց հեռացնելով՝ այն միավորում է իր ընդդիմադիրներին։ Թերևս այդ սկզբունքը որոշ ժամանակ կաշխատի, սակայն, հաշվի առնելով ռուսների աճող դժգոհությունը իրենց կենսամակարդակից, դա կարող է հանգեցնել բողոքների հետագա արմատականացման»,- եզրակացնում է Handelsblatt- ը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել