Դատարանը բավարարել է Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը

ՌԴ դատարանը բավարարել է Լևոն Սարգսյան [«Ալրաղացի Լյովիկ» մականունով – խմբ․] 40 օրով կալանավորելու՝ ՌԴ դատախազության միջնորդությունը. այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նրա գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:

ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը»:

Լևոն Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում: Լևոն Սարգսյանը հետախուզման մեջ էր 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: Նա ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Նույն գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Լևոն Սարգսյանի ազգական Սուրեն Ղազարյանին, որը կալանավորվել էր, ավելի ուշ՝ ստորագրությամբ ազատ արձակվել:

Քրեական գործը հարուցվել էր ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ 2008թ. հոկտեմբերին իրականացված մահափորձի փաստի առթիվ: Ըստ ԱԱԾ նախնական տվյալների՝ մահափորձի իրական պատվիրատուն հենց Լևոն Սարգսյանն է:

Մեկնաբանել