Զենքի հինն ու նորը արտադրության տարեթվով չի որոշվում, այլ գործածելիությամբ․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «1980-ականների զենքի» վերաբերյալ արած հայտարարությանը։

Հունվարի 25-ին Կապանում հրավիրած ասուլիսին Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի կառավարությունը փակել է «80-ականների զենքերի ամոթալի էջը»։ Փաշինյանն ասել է, որ 2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018֊ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով: Վարչապետն ասել է, որ ձեռք բերված սպառազինությունը կա՛մ 2019-ի արտադրության է, կա՛մ չօգտագործված: «80-ականների զենք» արտահայտությունը շրջանառության մեջ է մտել 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, երբ Սերժ Սարգսյանը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանը կռվում է 80-ականների զենքով։

Արտակ Զաքարյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի կապանյան հայտարարությանը, Ֆեյսբուքում գրել է․ «ՀՀ Զինված Ուժերում կան և՛ 80-ականների, և՛ 90-ականների, և՛ 2000-ականների զինատեսակներ ու դրանց մոդիֆիկացիաները: Դրանք դեռ երկար ժամանակ ծառայելու են Հայաստանի ու Արցախի պաշտպանությանը։ Որպես ՊՆ նախկին փոխնախարար խորհուրդ եմ տալիս ևս մեկ անգամ մանրամասն ընթերցիր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հաստատված «ԶՈՒ արդիականացման 2018-24թթ ծրագիրը»:

Ծանոթացիր ծրագրի բոլոր բաժիններին ու կտեսնես, որ ՀՀ ԶՈԻ արդիականացումը միայն նոր զինատեսակ գնելն ու դրա ֆոնի վրա նկարվելը չէ: Այն ռազմավարական բնույթի, երկարաժամկետ ուղենիշների, միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի մանրամասն պլանավորում և հետևողական իրականացում է: Ծրագրում տեղ գտած ցանկացած նոր զինատեսակը տրամաբանական շարունակությունն է քո նշած 80-ականների զինատեսակների: Առաջիկայում ձեռքբերվելիք նոր զինտեխնիկաները 80-ականների հետ միասին են կռվելու, ապահովելու հակառակորդի զսպման, կանխման, թիրախավորման, խոցման և ռազմական բնույթի սպառնալիքների չեզոքացման այլ անհրաժեշտ խնդիրները»:

Անդրադառնալով ՊՆ բյուջեի ավելացման մասին Փաշինյանի հայտարարությանը՝ Զաքարյանը նշել է․«20 տարի շարունակ ՀՀ ՊՆ բյուջեն ամեն տարի (բացառությամբ 2010թ.) ավելացել է, և դա նորմալ երևույթ է, այդպես էլ պետք է լինի: Օրինակ՝ 2018թ. բյուջեն 2017թ. համեմատ ավելացել է 18,1%-ով (38,1 մլրդ դրամ), 2009թ. ՝ 2008թ. համեմատ ավելացել է 19,2%-ով (24,1 մլրդ) ու այդ առիթով ոչ ոք ժամանակին գլուխ չի գովել, ասուլիսներ չի հրավիրել, նախորդներին հաթաթա չի տվել»:

«Շուտով նշելու ենք Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը և իհարկե Բանակի ու հաղթանակների մասին հուզիչ ելույթներ ես ունենալու: Ի՞նչ ես կարծում, իսկ եթե քո տրամաբանությանը հետևելով, Լևոն Տեր Պետրոսյանը ժամանակին խոսեր և մեղադրեր իր նախորդներին, որ ազգային բանակ չեն ստեղծել, և ամոթալի է ֆիդայական ջոկատներով կռվելը, ճիշտ կլինե՞ր արդյոք:

Ի՞նչ ես կարծում, ճիշտ կլինե՞ր արդյոք, եթե Ռոբերտ Քոչարյանը՝ օրինակ զրահատանկային և հակատանկային ստորաբաժանումները, տարբեր տիպի հրետանային բրիգադները, համազարկային կրակի համակարգերը, խոշոր տրամաչափի ականանետերը, «Ս 300 ՊՍ» զենիթահրթիռային համակարգերը, գրեթե ոչնչից զորամասեր ու մշտական տեղակայման վայրերը, ամբողջ առաջնագծի անհրաժեշտ ինժեներական աշխատանքները իրականացնելուց և համալրելուց հետո հաթաթա տար իր նախորդին, որ, այլևս ՀՀ ԶՈՒ-ն նոր տեխնիկա, սպառազինություն, համազգեստ, քնելու մահճակալ, արկեր, հրթիռներ և այլ պարագաներ ունի:

Ճիշտ կլինե՞ր արդյոք, որ Սերժ Սարգսյանը` օրինակ «ԲՄ-30 Սմերչ» ՀԿՌՀ, «Տոչկա-ՈՒ» ՄՀՀ, «Իսկանդեր-Է» ՕՄՀՀ, «Բուկ» ԶՀՀ, տարատեսակ ԱԹՍ-ներ, Օդուժի, ՀՕՊ և այլ սպառազինություն ու տեխնիկա, առաջնագծի կահավորման համար հեռադիտարկման սարքավորումներ և այլ ժամանակակից պարագաներ ձեռք բերելուց հետո, հաթաթա տար իր նախորդին, որ իր ձեռքբերած զինատեսակները ավելի մեծ խնդիրներ են լուծում:

Իմ կարծիքով ճիշտ չէր լինի և որևէ պետության մեջ այդ տրամաբանությամբ առաջ չեն գնում (բացառությամբ պոպուլիստների):

Բայց ասեմ, որ բախտդ բերել է, որովհետև ԶՈՒ գեներալների և բարձրաստիճան սպայակազմի հետ միասին, 2018-24 թթ. համար մենք այնպիսի արդիականացման ծրագիր ենք մշակել, որ ձեզ մնում է միայն հերթով իրականացնել դրանք: Վստահ եղիր, որ ձեզանից հետո եկողը չի քննադատելու:

Այնպես, որ զենքի հինն ու նորը արտադրության տարեթվով չի որոշվում, այլ իր գործածելիությամբ, օգտակարությամբ, դրանով լուծվող խնդրի մասշտաբով, ինչպես նաև ձեռքբերման ու սպասարկման արժեքով: Ռուսաստանն աշխարհում զենքի խոշոր արտադրողներից մեկն է, բայց իր զինված ուժերի սպառազինության մի զգայի մասը դեռևս 80-ականների զինատեսակներն են:

P.S. հումորի կարգով.

Ս300-ը, Տոչկա-ՈՒ-ն, Բուկ-ը, Սմերչ-ը և այլ զինատեսակներ 1980-ականների են, հանկարծ չստիպես զինվորականներին, որ դեն նետեն: Դրանցից հակառակորդը վախենում է»:

#CivilNet #News

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել