Համաճարակը կարող է նաև ֆինանսապես առողջացնել մեզ

2008-ին, երբ ֆինանսական ճգնաժամը ցնցեց ամբողջ աշխարհը, հայերի մեծամասնությունը չպատկերացրեց դրա ուժգնությունը: Շատերն իրենց ապագա եկամուտների հաշվին շարունակեցին վայելել իրենց համար արդեն իսկ սովորական դարձած կենսակերպը: Այդ վարքագիծը բերեց նրան, որ 2009-ին ու այնուհետև առաջացան ֆինանսական և տնտեսական լուրջ դժվարություններ ինչպես քաղաքացիների, այնպես էլ երկրի համար: Հաճախ է այդպես: Մեզ զարկած ալիքի հետևանքները հետո ենք զգում ու նաև հրաժարվում կատարել վարքագծային փոփոխություններ` հաճախ նաև հույսը դնելով պետության վրա:

Ստեղծված իրավիճակը բազմաթիվ քաղաքացիների համար անկասկած ֆինանսական դժվարություններ է ստեղծելու: Սա կարող է սակայն լավ առիթ լինել ձեր ֆինանսական «առողջությունը» կարգի բերելու համար: Ի վերջո, ֆինասապես առողջ լինել չի նշանակում շատ փող ունենալ կամ պարտք չունենալ: «Առողջության» գաղտնիքը եկամուտները (որքան էլ որ դրանք փոքր լինեն), ծախսերն ու պարտքը ճիշտ կառավարելն է:

Ուրեմն, ի՞նչ անել:

1. Կազմե՛ք անձնական/ընտանեկան բյուջե ու խստորեն վերահսկեք այն: Կարևոր է, որ ընտանիքի բոլոր անդամները տեղյակ լինեն բյուջեի առկայության ու կատարման մասին: Բյուջեում պետք է ներառել միայն կենսական ծախսերը, իսկ եկամուտները պլանավորելիս պետք է հաշվի առնել միայն նրանք, որոնք հավանական է, որ կստանաք (օրինակ` 90% հավանականություն): Կենտրոնական բանկի կողմից վարվող www.abcfinance.am կայքը բազմաթիվ օգտակար խորհուրդներ է պարունակում անձնական բյուջե կազմելու ու կառավարելու վերաբերյալ:

2. Հրաժարվե՛ք երկար ժամանակ պլանավորված ու դեռևս չկատարված գնումներից: Նոր սմարտֆոնը կամ կահույքը դեռևս կարող են հանգիստ սպասել:

3. Շատերս բաժանորդագրվել ենք տարբեր հավելվածների, փաթեթների ու ծրագրերի, որոնք զգալի գումար են ամսական կտրվածքով խլում մեր բյուջեից: Քննարկե՛ք այդ բաժանորդագրությունները ժամանակավորապես դադարեցնելու կամ դրանք փոխելու (downgrade) հնարավորությունը:

4. Բարձր տոկոսներով վարկեր ունենալու դեպքում ջանացե՛ք դրանք փոխակերպել ավելի ցածր տոկոսներով վարկերի: Զանգահարեք ձեզ սպասարկող բանկ ու հարցրեք նման հնարավորության առկայության մասին: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ֆինանսական բազմաթիվ կազմակերպություններ, հավանական է, որ կա՛մ ավելի ցածր տոկոսներով կվերաֆինանսավորեն իրենց տված վարկերը, կա՛մ էլ գնեն այլոց կողմից տրված «թանկարժեք» վարկերը:

5. Ճիշտ է, որ Կենտրոնական բանկը, Բանկերի միությունը, ինչպես նաև մի շարք բանկեր հանդես են եկել հայտարարություններով ու հայտնել «վարկային արձակուրդների» կամ մեղմ մոտեցումների մասին, դրանք սակայն չեն նշանակում վարկերի ներում: Մի պայծառ օր դրանք հավանաբար վճարելու եք, չէ՞: Եթե իսկապես ունեք ֆինանսական դժվարություններ, ապա անպայման կապ հաստատե՛ք ձեզ սպասարկող բանկի հետ ու բանակցեք նոր պայմանների կամ դրանց փոփոխման շուրջ: Սակայն, եթե ձեր եկամուտները ներում են, ապա անպայմանորեն մի նետվեք այս հնարավության վրա: Շարունակեք կատարել պայմանագրային մարումները, որպեսզի հետագայում վարկային բեռը ծանր չլինի:

6. Ծախսերի համար նախատեսված փողը պահե՛ք դրամով: Ի վերջո դոլարը դրամի փոխարկելը ծախսատար է ու ավելորդ անգամ ստիպելու է այցելել փոխանակման կետ:

7. Դոլար մի՛ գնեք, եթե դրա կարիքը չունեք (օրինակ դոլարային պարտք վերադարձնել): Դա բոլորիս շահերից է բխում:

Սրանք չեն հավակնում լինել ամբողջական խորհուրդներ: Վստահ եմ՝ բազմաթիվ մասնագետներ կավելացնեն այլ խորհուրդներ ևս: Ուսումնասիրե՛ք դրանք ու, հարկ եղած դեպքում, փոխեք ձեր վարքագիծը: Գոտիները սեղմելու ժամանակն է:

Վարուժան Ավետիքյանը TK&Partners ընկերության գործընկեր է, Կենտրոնական բանկի նախկին գլխավոր իրավաբանը

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել