Զինված ուժերում ծառայության հեղինակությունը չի համապատասխանում ԶՈՒ հեղինակությանը․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը:

Իր ելույթում վարչապետը նշել է, որ այսօր, ըստ էության, հայտարարվում է հանձնախմբի աշխատանքների մեկնարկը:

«Ինչո՞ւ էր անհրաժեշտ նման հանձնախմբի ստեղծումը. մի քանի անգամ ասել եմ, հիմա ևս ուզում եմ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունում բանակը, Զինված ուժերն անառարկելի հեղինակություն են և անառարկելի հեղինակություն ունեն: Եվ սա հասկանալի է, բայց մենք միևնույն ժամանակ ունենք մի տարօրինակ երևույթ, երբ բանակում, Զինված ուժերում ծառայության հեղինակությունը չի համապատասխանում Զինված ուժերի հեղինակությանը, և մենք որպես խնդիր ձևակերպում ենք ծառայության հեղինակությունը ԶՈւ-երի հեղինակությանը հավասարեցնելը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է այս հանձնախումբը ստեղծվել Անվտանգության խորհրդում՝ Պաշտպանության նախարարությունից և Զինված ուժերի գլխավոր շտաբի կառույցից դուրս, կառավարության ղեկավարն ասել է. «Գիտեք, որ Զինված ուժերում այս ժամանակաշրջանում տեղի են ունենում հսկայածավալ բարեփոխումներ, այդ բարեփոխումներն ընթանում են ողջ ծավալով և այդ բարեփոխումների հստակ տեսլական, ռազմավարություն և մարտավարություն կա: Իհարկե այդ բարեփոխումները պետք է շարունակվեն, և այս ընթացքում կա անհրաժեշտություն, որպեսզի մենք առաջադրված հարցին կողքից հայացք ձևակերպելու հնարավորություն ունենանք, և հանձնախումբը հենց այդ նպատակով ստեղծվել է Անվտանգության խորհրդում»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խմբի կազմում ընդգրկվել են մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալները և այդպիսի մոտեցումը ցուցաբերվել է այն նկատառումով, որպեսզի քննարկումները լինեն հնարավորինս քաղաքական կոնյունկտուրայի և լարվածության ազդեցությունից դուրս:

Նա ընդգծել է, որ 2019 թվականին բավականին լավ արդյունք են ունեցել բանակում արատավոր երևույթների կանխարգելման և կառավարման առումով․ «2019-ին, ըստ էության, Զինված ուժերի ողջ պատմության, համենայնդեպս վարվող վիճակագրության ժամանակահատվածի համար արձանագրվել են նվազագույն թվով զոհեր, բայց գիտեք, որ այս տարվա մեկնարկին մենք որոշակի բռնկում ունեցանք և ամեն դեպք, իհարկե, շատ մեծ հանրային արձագանք է ստանում: Ոչ միայն հանրային արձագանք, դա առաջին հերթին մեծ արձագանք է ստանում պաշտպանության նախարարությունում, ԶՈւ-երի գլխավոր շտաբում, կառավարությունում, և մենք խնդիր ունենք, որպեսզի այս իրավիճակները, խնդիրները կառավարելու գործիքների արդյունավետությունը բարձրացնենք: Եվ նաև վերջին շրջանի իրադարձությունները մեզ հանգեցրին այն մտքին, որ գուցե թե մենք այդ երևույթների պատճառահետևանքային կապերն ավելի խորը և համապարփակ դիտարկելու, ուսումնասիրելու և եզրակացությունների գալու անհրաժեշտություն ունենք: Այս ընթացքում թեմայով զբաղվող բազմաթիվ գերատեսչություններ, ինստիտուտներ հանդես են եկել ամենատարբեր առաջարկներով, և այդ առաջարկները դասակարգելու ու դրանց վերաբեյալ որոշում կայացնելու անհրաժեշտություն է առաջացել»։

***

Ապրիլին վարչապետի որոշմամբ հաստատվել է «Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնա­խումբ ստեղծելու, հանձնախմբի կազմը և գործունեության կարգը»: Որոշման համաձայն՝ միջգերատեսչական հանձնախմբի ղեկավար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Բանակում սպասվող բարեփոխումների մասին Արմեն Գրիգորյանը զրուցել է ՍիվիլՆեթի հետ։

Մեկնաբանել