5G ցանցերն ԱՄՆ – Չինաստան  տեխնոլոգիական հակամարտությունում․ ի՞նչ պետք է անի Հայաստանը

Դեռևս մինչև նոր կոնորավիրուսային համավարակի բռնկումը ԱՄՆ – Չինաստան խորացող հակամարտությունը խոստանում էր լինել 21-րդ դարի առաջին կեսի համար առաջին աշխարհաքաղաքական մարտահրավերը։ 2010-ականների սկզբից սկսված հարաբերությունների լարումը նոր թափ ստացավ 2017 թ․ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո։ «Ամերիկան առաջինը» կարգախոսով իշխանության եկած Թրամփը 2018 թ․ առևտրային պատերազմ սկսեց Չինաստանի դեմ։ Մաքսատուրքերի երկկողմ բարձրացմամբ բնորոշվող պատերազմում զինադադար հաստատվեց 2020 թ․ հունվարի 15-ին, երբ Վաշինգտոնում ԱՄՆ-ը և Չինաստանը ստորագրեցին երկկողմ առևտրային գործարքի առաջին մասը։ Այն նախատեսում էր առաջիկա երկու տարիներին շուրջ 200 միլիարդ դոլարով ավելացնել ԱՄՆ-ի արտահանումը Չինաստան։

Չնայած համաձայնագրի ստորագրմանը, վերլուծաբաններից շատերը վստահ էին, որ սա ընդամենը ժամանակավոր հրադադար է, և երկկողմ հարաբերություններում նկատվող լարվածությունը միայն ավելանալու է։ Նոր կորոնավիրուսային համավարակն էլ ավելի սրեց իրավիճակը։ Չինաստանի տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկումը կասկածի տակ է դնում հունվարի 15-ին ստորագրված համաձայնագրի կատարումը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի իշխանություններն քաղաքական ամենաբարձր մակարդակով Չինաստանին մեղադրում են համավարակի առաջին շաբաթների ընթացքում տեղեկատվության կոծկման, համաշխարհային հանրությանը կեղծ տեղեկույթ տրամադրելու և դրանով համավարակի արագ տարածմանը նպաստելու մեջ։ 2020 թ․ նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունների հաշվառմամբ՝ ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ում հակաչինական հռետորաբանությունը ուժեղանալու է։

Թվային տեխնոլոգիաները և ԱՄՆ – Չինաստան հակամարտությունը

ԱՄՆ – Չինաստան հակամարտության մեջ էական դեր են խաղում թվային տեխնոլոգիաները, և առաջին հերթին՝ հինգերորդ սերնդի (5G) բջջային ցանցի ներդրման գործընթացը։ Եթե չորրորդ սերնդի բջջային ցանցի տարածման հիմնական առաջատարները ամերիկյան և արևմտյան այլ պետությունների ընկերություններն էին, ապա սկսած 2012 թ․ Չինաստանը համակարգված քաղաքականություն է իրականացնում հինգերորդ սերնդի ցանցերի կառուցման գործում աշխարհում առաջատար դիրքեր գրավելու ուղղությամբ։ Չցանկանալով խորանալ տեխնիկական մանրամասնությունների մեջ՝ միայն նշենք, որ հինգերորդ սերնդի ցանցերը չորրորդի համեմատ շուրջ հարյուր անգամ ավելի արագ կապ են ապահովում։ Նրանք հնարավորություն են տալիս ապահովել ինտերնետին միացված միլիարդավոր սարքերի փոխկապակցված աշխատանքը՝ առանց վարորդների մեքենաներ, խելացի ենթակառուցվածքներ, կենցաղում օգտագործվող սարքեր։ Այս ցանցերի ներդրումը պահանջում է ինչպես հսկայածավալ նոր ֆիզիկական ենթակառուցվածքի ստեղծում, այնպես էլ առկա սարքավորումների արդիականացում։ 2019 թ․ վերջի տվյալների համաձայն՝ միայն 2020 թ․ աշխարհում հինգերորդ սերնդի ցանցերի գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում էր 2,7 տրիլիոն դոլար, իսկ ցանցերի շահագործումից ստացվող եկամուտը՝ 4,2 միլիարդ դոլար։

Ներկայում աշխարհում հինգերորդ սերնդի ցանցերի տեղակայմամբ զբաղվող առաջատար ընկերություններն են չինական Huawei-ը և ZTE-ն, շվեդական Eriksson, ֆիննական Nokia-ն և հարավկորեական Samsung-ը։ Այնուամենայնիվ, բացարձակ առաջատարը Huawei-ն է, որն այս պահին վերահսկում է շուկայի մոտ 30 տոկոսը։ ԱՄՆ-ը փորձում է ամեն գնով խոչընդոտել Huawei-ի առաջընթացը։ Իշխանություններն արդեն արգելել են ամերիկյան ընկերություններին Huawei-ի սարքավորումներն օգտագործել ԱՄՆ-ում հինգերորդ սերնդի ցանցի ենթակառուցվածքի ներդրման գործում։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը այլ պետություններից ևս պահանջում է համանման արգելք կիրառել Huawei-ի նկատմամբ։ Առայժմ այս կոչին արձագանքել են միայն Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան և Թայվանը։ Ամերիկացիները Huawei-ին մեղադրում են ամերիկյան մտավոր սեփականությունը գողանալու, փողերի լվացման, ինչպես նաև չինական հատուկ ծառայությունների հետ սերտ կապեր ունենալու մեջ՝ պնդելով, որ Huawei-ի սարքավորումների օգտագործումն էական սպառնալիք է ցանկացած պետության անվտանգային շահերի համար։

Ընկերության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների թվում են նաև ամերիկյան ընկերությունների արտադրանքից օգտվելու արգելքը, ինչի պատճառով 2019 թ․ մայիսից հետո արտադրված ընկերության սմարթֆոնները չեն կարող օգտվել Google-ի ծառայություններից, այդ թվում՝ անդրոիդ հավելվածների Google Play խանութից։

2020 թ․ մայիսին ԱՄՆ-ի կառավարությունը նոր արգելքներ սահմանեց Huawei-ի նկատմամբ՝ պահանջելով, որ կիսահաղորդիչների և չիպերի արտադրությամբ զբաղվող օտարերկրյա այն ընկերությունները, որոնք օգտագործում են ամերիկյան տեխնոլոգիաներ, կիսահաղորդիչներն ու չիպերը Huawei-ին մատակարարելուց առաջ ստանան ԱՄՆ-ի իշխանությունների թույլտվությունը։ Այս հանգամանքը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Huawei-ի համար, քանի որ հինգերորդ սերնդի ցանցային սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ չիփերն այն ներմուծում է արտերկրից, առաջին հերթին կիսահաղորդիչների արտադրության ծավալներով աշխարհում երրորդ տեղը գրավող Taiwan Semiconductor Manufacturing Company ընկերությունից։ Իհարկե, Չինաստանը ևս ազդեցիկ զենքեր ունի իր զինանոցում։ Կիսահաղորդիչների և չիփերի արտադրության համար անհրաժեշտ հազվագյուտ մետաղների հանքավայրերի մեծ մասը վերահսկվում է չինական ընկերությունների կողմից։ Եթե նրանք որոշեն դադարեցնել մատակարարումն այն ընկերություններին, որոնք կհրաժարվեն կիսահաղորդիչներ և չիփեր վաճառել Huawei-ին, ապա դրանք կկանգնեն արտադրությունը դադարեցնելու իրական սպառնալիքի առջև։

Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունը

Ինչ ազդեցություն կարող է ունենալ այս հակամարտությունը Հայաստանի վրա։ Առայժմ Հայաստանում հինգերորդ սերնդի ցանցի ներդրման աշխատանքներ չեն իրականացվում։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում այս ոլորտում առաջատար դիրքերի ձեռքբերումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի ապահովման գործում։ Հաշվի առնելով Huawei ընկերության կողմից առաջարկվող լուծումների գին – որակ համամասնությունը, տնտեսական տեսանկյունից Huawei-ի հետ համագործակցությունը կարող է շահավետ լինել։ Այն էական դեր կարող է խաղալ նաև Հայաստան – Չինաստան հարաբերություններին ռազմավարական մակարդակ հաղորդելու գործում։

Հայաստանի կառավարությունը երկրում գործող երեք բջջային օպերատորների մասնակցությամբ քննարկումներ ծավալելուց հետո պետք է բանակցություններ սկսի ԱՄՆ-ի հետ՝ փորձելով համաձայնության հասնել Huawei-ի սարքավորումների ներդրման դեպքում պատժամիջոցների չկիրառման խնդրում։

Հայաստանին հաջողվել է նմանատիպ համաձայնություններ ձեռք բերել Հայաստան – Իրան գազամուղի կառուցման և մինչ օրս Իրանի հետ հաջողությամբ իրականացվող «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի ժամանակ։

Հայաստանի բջջային կապի շուկայում գործող ռուսական ՄՏՍ ընկերությունը 2019 թ․ հունիսին հուշագիր է ստորագրել Huawei-ի հետ՝ Ռուսաստանում հինգերորդ սերնդի ցանցի ներդրման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ, ինչը տեխնոլոգիական առումով կարող է հեշտացնել Huawei-ի մուտքը Հայաստան։ Առաջիկայում Հայաստանը կանգնելու է հինգերորդ սերնդի ցանցի ներդրման հրամայականի առջև, և անհրաժեշտ է սկսել քայլեր ձեռնարկել այդ խնդրի ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ աշխարհաքաղաքական խնդիրների լուծման ուղղությամբ։

Ի դեպ

Նախօրեին Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները՝ «Յուքոմը», Beeline-ը և «Վիվա-ՄՏՍ»-ը հայտարարություն տարածեցին՝ արձանագրելով, որ վերջին շրջանում նկատվում է շարժական կապի և մասնավորապես՝ 5G ցանցի վերաբերյալ դավադրապաշտական, հակագիտական, իրականությանը չհամապատասխանող նյութերի ակտիվ շրջանառություն:

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունում առկա են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցեր, որոնցից յուրաքանչյուրի համար Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շարժական կապի օպերատորներին հատկացվել են հաճախականությունների համապատասխան շերտեր: Այս տեղեկատվությունը բաց է ու հասանելի: Վերազինման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցերում»,- ասված է երեք օպերատորների համատեղ հայտարարությունում:

Մեկնաբանել