ԵՄ-ն չի երկարաձգի Սիրիա զենքի մատակարարման էմբարգոն

Եվրամիության անդամ երկրների՝ Սիրիա զենքի մատակարարման էմբարգոն, որի ժամկետը լրանում է 2013թ. հունիսի 1-ին, չի երկարաձգվի: Այսպիսի որոշում են ընդունել ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում մայիսի 27-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում, հաղորդում է BBC-ն: Արտգործնախարարները որոշել են նաև մեկ տարով երկարաձգել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները: Դրանց նախորդ փաթեթի ժամկետը ևս լրանում է հունիսի 1-ին: «Զենքի մատակարարման էմբարգոն ավարտվել է: Զինամթերքի մատակարարման մասին որոշում չի ընդունվել: Մնացած պատժամիջոցները կշարունակեն գործել», – Twitter-ի իր բլոգում գրել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուլիամ Հեյգը: Նա նշել է նաև, որ Լոնդոնը դեռևս չի ծրագրում Սիրիա զենք մատակարարել՝ ընգծելով, որ ընդունված որոշումը թույլ կտա ապագայում առավել մեծ ճկունություն դրսևորել սիրիական ճգնաժամի նկատմամբ, եթե իրադրությունը վատթարանա: ԵՄ-ն Սիրիա զենքի մատակարարման էմբարգոյի մասին որոշում ընդունել էր 2011թ. ամռանը:

Մեկնաբանել