Մեր դիվանագետները ջանք չեն խնայում` խաղաղության հարատևության համար. Նալբանդյան

Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Վայոց Ձորի մարզ, հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից։

Եղեգնաձորում Նալբանդյանը հանդիպում է ունեցել մարզի ակտիվի՝ համայնքների ղեկավարների, մարզպետարանի ղեկավար աշխատակիցների, կրթական հաստատությունների տնօրենների, Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հետ։

Պատասխանելով ներկաների հարցերին` նախարարը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն անդրադարձելէ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Արտգործնախարարը խոսել է Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրին Հայաստանի միացման գործընթացից, հարևան երկների հետ հարաբերություններից, անդրադարձել է Հայաստան-ԵՄ համագործակցությանը։

Այնուհետև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է մարզում գտնվող պաշտպանական դիրքեր, զրուցել զինվորների հետ, ծանոթացել հերթապահություն իրականացնող զինվորների ծառայության պայմաններին, սահմանագծում տիրող իրավիճակին։

Նալբանդյանը զինվորներին մաղթելով բարի ծառայություն և հաջողություններ` ասել է. «Կարևոր է, որ դուք այնպես ծառայեք, որ ձեր ընտանիքներում հպարտանան իրենց զավակներով և ուրախանան բանակից ստացվող լուրերով։ Համոզված եղեք, Հայաստանի դիվանագետները ջանք չեն խնայում` խաղաղությունը հարատև դարձնելու համար»։

Մեկնաբանել