Ոսկու շուկայի տեսանյութը հաղորդում է հանցագործության մասին. օմբուդսմենի գրասենյակ

Տեսանյութը ինքնին հաղորդում է հանցագործության մասին. «Ոսկու աշխարհ» շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի սեպտեմբերի 25-ի գործողություններն ՍիվիլՆեթին այսպես մեկնաբանեց Մարդու իրավունքների պաշտպանի՝ սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։

«ԱրմԼուր» լրատվական կայքը սեպտեմբերի 25-ին տեսանյութ էր հրապարակել, որում «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» ոսկու տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն իր ձեռքով քանդում էր շուկայի այն տարածքները և ոսկյա իրերի սեղանիկները, որոնց սեփականատերերն այդ պահին մասնակցում էին կառավարության շենքի դիմաց ընթացող ցույցին։

«Տեսանյութը ինքնին հաղորդում է հանցագործության մասին, և ըստ մեր օրենսդրության՝ իրավապահ մարմինները՝ դատախազություն, ոստիկանություն, քննչական մարմիններ, իրավունք ունեն գործ հարուցել այս առիթով»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը՝ հավելելով, որ եթե գործը մասնավոր չլիներ, պաշտպանը սեփական նախաձեռնությամբ կարող էր դիմել իրավասու մարմիններին:

«Եթե պետական մարմինը անգործություն դրսևորի, ու քաղաքացիները դժգոհեն, այդ ժամանակ օմբուդսմենը կարող է միջամտել։ Բայց մենք դեռ լիահույս ենք, որ իրավապահ մարմինները պատշաճ արձագանք կտան այս դեպքին»,- ասաց Տաթևիկ Խաչատրյանը:

Սեպտեմբերի 25-ին՝ ավելի վաղ, ոստիկանության մամուլի բաժնում ՍիվիլՆեթի հարցին, թե պատրաստվում են արդյոք քրեական գործ հարցուել Վաղարշ Աբրահամյանի դեմ, պատասխանել էին, որ իրենք «հանցագործության մասին հաղորդում չունեն»։ Ոստիկանության մամուլի բաժնում, սակայն, հաստատել էին, որ տեսել են Վաղարշ Աբրահամյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ վերջինս ջարդում էր առևտրականների սեղանիկները։

Համաձայն ՀՀ Քրեական դատավարության մասին գործող օրենսգրքի՝ դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումների առթիվ և հիմքով։

Մեկնաբանել