Ադրբեջանը պնդում է, որ «հետախուզում է հայտարարել երկու հայ սպայի նկատմամբ»

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «երկու հայ սպայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ դիմելով Ինտերպոլ»։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված հաղորդագրության՝ դատախազությունն իբր նման որոշում է կայացրել՝ «հիմնվելով ադրբեջանական իրավասության տակ հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի փոխանցած տեղեկատվության վրա»։

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հետախուզում է հայտարարվել Վազգեն Վարդանյանի և Արմեն Ջամալյանի նկատմամբ, հարուցվել են քրեական գործեր հետևյալ հոդվածներով՝ «ագրեսիվ պատերազմ», «անօրինական հրազեն, դրա բաղադրիչներ, զինամթերք», «լրտեսություն», «հարձակում ձեռնարկությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների կամ առանձին անձանց վրա զինված կազմավորումների կամ խմբերի կազմում», «պետական սահմանի անօրինական հատում մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ ուժի գործադրմամաբ կամ գործադրման սպառնալիքով», «ահաբեկչության փորձ», «սպանության փորձ՝ ազգային, ռասայական, կրոնական ատելություն կամ թշնամանք հրահրելու մտադրությամբ»։

Օգոստոսի 22-ին մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը, ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում։

Ադրբեջանում Ալավերդյանին մեղադրանքներ են առաջադրվել «մարդկանց սպանության, նրանց առողջությանը վնաս հասցնելու, նյութական մեծ վնաս հացնելու, զենքի անօրինական շրջանառության» հոդվածներով։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 27-ին հայտարարություն էր տարածել դրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ՝ նշելով, որ իրենք խստորեն դատապարտում են սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարել էր, որ իրականացվելու է ծառայողական քննություն և կոչ արել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն «ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար»:

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել