Լողում է, ինչպես դրամը

Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած մակրոտնտեսական օպերատիվ տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերին անցած տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 102,4%։

Պաշտոնական վիճակագրության տվյալներից պարզ երևում է, որ նախորդ ամիսների բարձր տնտեսական ակտիվությանը հոկտեմբերին հաջորդած աճի տեմպերի դանդաղումը գյուղատնտեսության ոլորտում բերքահավաքի սեզոնի ավարտի հետևանքն է։

Ինչպես այս տարվա ինը ամիսներին, հոկտեմբերին նույնպես տնտեսության աճի հիմնական շարժիչը եղել է գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը, իսկ շինարարությունը շարունակում է չարդարացնել Կառավարության հույսերը՝ արգելակելով տնտեսական ակտիվությունը։

Այս տարվա հոկտեմբերին տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ շինարարության և էներգետիկայի, աճ է արձանագրվել։ Շինարարության ոլորտում հերթական անգամ արձանագրվել է անկում՝ 25%-ի չափով, ինչը պայմանավորված է կազմակերպությունների, բնակչության, ինչպես նաև վարկային միջոցներով իրականացվող շինարարության կրճատմամբ։

Էներգետիկայի ոլորտում արձանագրված 4,4% անկումը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Մեծամորի ատոմակայանում (ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը) սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 28-ը իրականացվել են ընթացիկ պլանային վերանորոգման աշխատանքներ։

Գյուղատնտեսության ոլորտում բերքահավաքի սեզոնի ավարտին զուգահեռ նվազել են նաև աճի տեմպերը՝ հոկտեմբերին կազմելով 7,7%։ Որոշակիորեն դանդաղել է արդյունաբերության ոլորտի աճը՝ կազմելով 14,3%, ինչը պայմանավորված է մի կողմից գյուղատնտեսության սեզոնի ավարտով, մյուս կողմից՝ համաշխարհային շուկայում մետաղների գների անկումով։

Հոկտեմբերին ծառայությունների ոլորտում արձանագրվել է 6,2% աճ, մանրածախ առևտրի ոլորտում՝ 2,8% աճ։

Հոկտեմբերին 12-ամսյա գնաճը նորից դուրս է եղել թիրախային ցուցանիշի (4±1,5%) շրջանակից՝ կազմելով 5,7%։ Հոկտեմբերին միջին աշխատավարձի աճի տեմպը եղել է գնաճից մի փոքր ավելի՝ 6,7%։ Մասնավոր հատվածում նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ միջին աշխատավարձն աճել է 4%-ով՝ կազմելով Դ137 հազ., իսկ պետական համակարգում աշխատավարձերն աճել են 9,7%-ով՝ կազմելով Դ94,7 հազ.։

Այս տարվա հոկտեմբերին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է $504,3 մլն (աճը՝ 21,1%)։ Հոկտեմբերին արտահանումն ավելացել է 21,3%-ով՝ կազմելով $112,9 մլն, ներկրումն աճել է 21,1%-ով՝ կազմելով $391,2 մլն։ Համաշխարհային շուկայում մետաղների գների անկման և արտահանման տեմպերի դանդաղման հետևանքով հոկտեմբերին ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,5 անգամ։ 

Մեկնաբանել