Ռուսական հնա՞րք

Թե ՀԱԷԿ-ի ինչից են դժգոհ ռուսները, չի հաղորդվում, ինչը տարաբնույթ ենթադրությունների տեղիք է տալիս: Չի բացառվում, որ ռուսներն այս քայլով պարզապես փորձում են երկարացնել իրենց կողմից ՀԱԷԿ-ի կառավարումը:

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» պետական հոլդինգի աղբյուրը ռուսական «Կոմերսանտ» թերթին տեղեկացրել է, որ Հայաստանի հետ բանակցություններ է սկսել հայկական ատոմակայանի կառավարման պայմանների փոփոխման վերաբերյալ։ Ըստ աղբյուրի՝ ատոմային էներգիան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի համար ոչ պրոֆիլային գործունեություն է՝ կտրուկ աճող ռիսկերով։

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը ՀԱԷԿ-ի կառավարման փոխանցման շուրջ բանակցություններ է վարում «Ռոսատոմ»-ի հետ (որին պատկանում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի բաժնետոմսերի 13,4%-ը), բայց վերջինս հետաքրքրված չէ ՀԱԷԿ-ի կառավարումով։ Գործընթացին քաջատեղյակ աղբյուրը թերթին ասել է, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի համար էական չէ, թե կառավարչի դերում ով կարող է իրեն փոխարինել՝ հայկական կողմը, թե «Ռոսատոմ»-ը։

Ճնշո՞ւմ հայկական կողմի վրա

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից Մեծամորի ատոմակայանի ֆինանսական կառավարման պայմանագրի ժամանակից շուտ լուծման տեղեկատվությունը հնարավոր է՝ ճնշման ձև է հայկական կողմի վրա։ Խնդիրն այն է, որ չի նշվում, թե կոնկրետ ինչից է դժգոհ էներգետիկ ընկերությունը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 24-ին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի վարչության նախագահ Բորիս Կովալչուկը հայտարարել էր, որ նախատեսում է հայկական ատոմակայանի շահագործման վերաբերյալ մինչև ամռան վերջ նոր պայմանագիր կնքել: Ըստ նրա՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը ցանկանում է պայմանագրով ճշտել որոշ իրավական դետալներ: Թե հատկապես ինչի մասին է խոսքը, Կովալչուկը չի մանրամասնել:

«Օրակարգ»-ի տեղեկություններով՝ այս տարի այդ պայմանագիրն այդպես էլ չի ստորագրվել, և չի բացառվում, որ ընկերությունն այժմ մամուլի միջոցով որոշել է ճնշել հայկական կողմին։ Անհասկանալի է, թե ինչ պայմաններ կարող են փոփոխված լինել, որոնք կողմերին ստիպել են վաղաժամ դադարեցնել գործող պայմանագիրը և կնքել նորը։

Գործող պայմանագրով, որը 2008թ. դեկտեմբերի 4-ին ստորագրել էին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի վարչության այն ժամանակվա նախագահ Եվգենի Դոդը, ամրագրված է, որ երկարացվում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի՝ ՀԱԷԿ-ի ֆինանսատնտեսական գործունեության հավատարմագրային կառավարման գործառույթը, ռուսական ընկերությունն իր վրա է վերցնում ատոմակայանի կորպորատիվ կառավարման պարտականությունները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի կառավարումը, կապիտալ ներդրումների ֆինանսավորումը, ֆինանսատնտեսական հաշվառման ժամանակակից համակարգի ներդրումը։

Հնարավոր է նաև՝ Մեծամորի ատոմակայանը սկսել է վնասով աշխատել, և «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը ցանկանում է որոշ հարցեր հստակեցնել: «Օրակարգ»-ի աղբյուրների համաձայն՝ վերոնշյալ պայմանագիրը ենթադրում է, որ երկարացվելու է ռուսական ընկերության կողմից հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը։

Եթե հաշվի առնենք, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հետ կնքած պայմանագիրը ավարտվում է 2013թ., չի բացառվում, որ ռուսական կողմը ցանկանում է երկարացնել ժամկետը մինչև ատոմակայանի փակման հնարավոր ժամկետը՝ 2016թ.։ Հայկական կողմն արդեն չի բացառում, որ եթե պարզ դառնա, որ կառուցվելիք նոր էներգաբլոկի շահագործումը մինչև 2016թ. հունվարի 5-ը տեղի չունենա, ապա Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարացվի։

Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման վերջնական որոշումը կընդունվի 2013-2014 թթ.՝ հենց այն ժամանակ, երբ ավարտվելու է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հետ կնքած ներկայում գործող պայմանագիրը, և չի բացառվում, որ ռուսական ընկերությունը ցանկանում է մնալ խաղի մեջ և ատոմակայանի կառավարումը իրականացնել ոչ միայն մինչև 2016թ., այլև դրանից հետո։ 

Մեկնաբանել