Ինտեգրացիոն գործընթացները մարտահրավե՞ր, թե՞ հնարավորություն

Ի՞նչ միություն է սա, ի՞նչ նոր ինտեգրացիոն մեխանիզմ կարող է այն մեզ առաջարկել, հակասո՞ւմ է արդյոք Եվրասիական միությունը Հայաստանի որդեգրած եվրաինտեգրմանը:

Դատելով Վլադիմիր Պուտինի հոդվածից՝ Եվրասիական միությունը մինչև այդ գոյություն ունեցած ինտեգրացիոն քայլերի շարունակությունն է, քայլեր, որոնց շնորհիվ ծնվել են Ռուսաստան-Բելառուս դաշնային պետությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական համագործակցությունը (ԵՎՐԱԶԷՍ), Մաքսային միությունը և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ստեղծած Միասնական տնտեսական տարածքը….

Նշենք, որ Հայաստանն արդեն իսկ ազատ առևտրի պայմանագիր ուներ Եվրասիական միության պոտենցիալ երեք անդամից երկուսի՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ: Իսկ այս տարվա հոկտեմբերից ԱՊՀ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրումը, որին միացան ԱՊՀ 11 անդամ երկրներից ութը՝ ի դեմս Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի, թույլ է տալիս այս երկրների միջև իրականացնել առանց մաքսերի առևտուր և ծառայությունների արտահանում:

Հետևաբար՝ կարելի է նշել, որ տարբեր մակարդակներում Հայաստանը Եվրասիական ապագա միության անդամների հետ ունի գործակցության և ինտեգրացիայի բարձր մակարդակ, ինտեգրացիոն այս ուղղությունը նորություն չէ մեզ համար, այն չի խանգարում եվրաինտեգրացիային….

ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է՝ միևնույն ժամանակ ողջունելով Պուտինի Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը: Ես նույնպես կարծում եմ, որ դրանց միջև հակադրություն չկա:

Ինտեգրացիոն տարբեր գործընթացներն անխուսափելի են, պետք է պատրաստ լինել այդ ամենը ազգային շահի օգտին օգտագործել: Այս երկու ուղղությունն էլ նախ և առաջ ենթադրում են տնտեսական ինտեգրացիա, հետևաբար պետք է ունենալ մրցունակ տնտեսություն՝ միասնական տնտեսական տարածքներում չկորչելու համար:

Ինտեգրացիան մարտահրավեր կլինի, թե հնարավորություն՝ մեզնից է կախված: Մտնելով ինտեգրացիոն տրամաբանության մեջ՝ օլիգարխիկ, կոռումպացված տնտեսություն ունենալը ինտեգրացիան դարձնում է մարտահրավեր, ինչը բերելու է ազգային հզորության թուլացման:

Տնտեսության առողջացումը, մրցունակ ճյուղեր ստեղծելը ինտեգրացիան մեզ համար վերածելու է հզորանալու և հարստանալու հնարավորության: Հետևաբար՝ պետք է ոչ թե վախենանք ինտեգրացիայից, այլ ունակ լինենք այն մեր օգտին ծառայեցնելու համար: 

Մեկնաբանել