Արաբական գարունը՝ $100 մլրդ

Հեղափոխությունը դեռ հարցի լուծում չէ

Հեղափոխություններ ապրած արաբական երկրների տնտեսությունների ընդհանուր կորուստները գերազանցել են $100 մլրդ-ը։ Այսպիսի թիվ է հնչեցվել Աշխատանքի արաբական կազմակերպության՝ Դոհայում արաբական աշխարհի 400 գործարարի մասնակցությամբ նախօրեին տեղի ունեցած երկօրյա համաժողովի ընթացքում։

Ըստ կազմակերպության տվյալների՝ արաբական երկրներում գործազրկության միջին մակարդակը 14-20% է, ընդ որում՝ տարածաշրջանի շուրջ 300 մլն բնակչության 35 մլն-ն աղքատության շեմին է։

Համաժողովի մասնակիցներն արաբական երկրների կառավարություններին ուղղված հայտարարություն են ընդունել՝ կոչ անելով է՛լ ավելի սերտացնել տնտեսական համագործակցությունը, բարելավել գործարար միջավայրը, ինչպես նաև բիզնեսում ներգրավված օտարերկրացի աշխատակիցներին փոխարինել արաբներով։

Նշենք, որ Արաբական գարուն ապրած երկրները՝ Թունիսը, Եգիպտոսը և Լիբիան, այսօր առերեսվել են տնտեսական խնդիրների սրացման փուլին, ներառյալ գործազրկության բարձր մակարդակը։ Հատկանշական է, որ հեղափոխությունների հանգեցրած ժողովրդական հուզումների հիմնական պատճառների թվում ևս սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներն էին։

Մեկնաբանել