Ինչպես ազատվել ՀՀԿ-ի մենատիրությունից

Իշխանական կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), որը այսօրվա խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժն է Հայաստանի հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) հետո, մայիսի առաջին օրերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով:

Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին մեկ տարվա ընթացքում ջանքեր թափեց և ուժային կառույցների միջոցով ճնշումներ գործադրեց կոալիցիոն իր գործընկեր ԲՀԿ-ի վրա, որպեսզի խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը ՀՀԿ-ի հետ մեկ ցուցակով մասնակցի ընտրություններին: Ծառուկյանը տեղի չտվեց: Դրան հետևեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անդամակցությունը ԲՀԿ-ին, որը 2008թ. պաշտոնաթողությունից հետո եղել է ներկայիս կառավարության տնտեսական և արտաքին քաղաքականության հուժկու քննադատը:

Չափազանցություն կլինի ենթադրել, որ ԲՀԿ-ն կդառնա ընդդիմություն, բայց ակնհայտ է, որ այս կուսակցությունը ձգտում է ոչ միայն ավելացնել իր ներկայությունը խորհրդարանում, այլև հաղթել ՀՀԿ-ին առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Դա, անկասկած, դժվարիրականանալի ցանկություն է: Հակառակ որ ՀՀԿ-ն ժողովրդայնություն չի վայելում, նրա ձեռքում են իշխանական, վարչական և բիզնես լծակների մեծագույն մասն ու ընտրությունները կեղծելու բոլոր գործիքները:

Առաջին նախագահի և նրա գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) շուրջ համախմբված են մի շարք քաղաքական ուժեր, որոնց առաջնորդների մեծ մասը Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին եղել է նրա կողքին: Չնայած այն իրողությանը, որ Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը վերջին մի քանի տարիներին կորցրել են իրենց համակիրների մի մասին, սակայն շարունակում են մնալ ամենաազդեցիկ արտախորհրդարանական ուժը: Կասկած չկա, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվելիք նոր խորհրդարանում ՀԱԿ-ը շոշափելի ներկայություն կունենա:

Նոր խորհրդարանում, կոալիցիային մաս կազմող ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, ինչպես նաև արտախորհրդարանական ընդդիմություն ՀԱԿ-ից բացի, ամենայն հավանականությամբ, ներկայություն կունենան խորհրդարանական ընդդիմադիր երկու կուսակցություններ՝ ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը: Կոալիցիայի մաս կազմող երրորդ կուսակցությունը՝ «Օրինաց երկիր»-ը, որի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը 2008թ. նախագահական ընտրություններում ստացել էր գրեթե 20 տոկոս քվե, լուրջ դժվարություն է ունենալու հաղթահարելու խորհրդարան մուտքի հինգտոկոսանց արգելքը:

Այսօր Հայաստանի առաջին երեք դեմքերը՝ նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայացնում են ՀՀԿ-ն: Գործող խորհրդարանում ՀՀԿ-ն ունի որակյալ մեծամասնություն, ինչը նշանակում է, որ խորհրդարան բերված ամեն օրենք և օրինագիծ կարող է վավերացվել:

Այս իրավիճակին՝ ՀՀԿ-ի քաղաքական և տնտեսական մենատիրությանը, հնարավոր է վերջ տալ, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն ու ընդդիմությունը ճիշտ գնահատեն իրենց ուժերն ու հնարավորությունները և միացյալ ճակատով պայքարեն ՀՀԿ-ի դեմ, այդ թվում՝ միասին պայքարեն, որպեսզի ՀՀԿ-ն հնարավորություն չունենա համատարած կերպով կեղծել ընտրությունները, ինչը նրան հաջողվեց 2007թ. խորհրդարանական և 2008թ. նախագահական ընտրություններում:

Ինչպե՞ս վերջ տալ ՀՀԿ-ի մենատիրությանը: Բացառապես սահմանադրական կարգով, ընտրությունների ճանապարհով այս կուսակցության ախորժակը չափավորելու մասին է խոսքը, անշուշտ: Այդպիսի հնարավորություն Հայաստանն ունի առաջիկա ամիսների ընթացքում:

Քաղաքականությունը ենթադրում է նաև պայմանավորվածություններ: Եվ այսօր ճիշտ օրն է, որ նման պայմանավորվածություն ձեռք բերվի չորս ազդեցիկ ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» միջև:

Անգամ առանձին ցուցակներով ընտրություններին մասնակցելու դեպքում այս կուսակցությունները կարող են պայմանավորվել և դաշնակցել մեկ կարևորագույն հարցում՝ ընտրատեղամասերում բռնել ընտրակեղծարարների ձեռքը: Դա արդեն կլինի մեծագույն հաջողություն:

Որչա՞փ են ընտրությունները կեղծվում Հայաստանում

Որևէ ճշգրիտ հաշվարկ չկա, թե որչափ են ընտրությունները կեղծվում Հայաստանում: Ընդունված է ասել, որ 1995թ. խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության ղեկին գտնվող ուժը իր օգտին կեղծում է 300-500 հազար քվե: Դրանք այն ընտրողների քվեներն են, որոնք կա՛մ չեն մասնակցում ընտրություններին, կա՛մ ժամանակավորապես Հայաստանից դուրս են:

Հետևաբար՝ որքան ակտիվ լինի բնակչության մասնակցությունն ընտրություններին, այնքան իշխանությունները դժվարություններ կունենան կեղծել դրանք: Այսպիսով՝ արդար ընտրություններ անցկացնելու հույսը պետք է դնել ոչ թե Եվրոպայի ու եվրոպական կառույցների, այլ կուսակցությունների (այս ընտրություններում՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու Ժառանգության), քաղաքացիական հասարակության և հայ ընտրողների վրա:

Եթե իրոք, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, ինչպես նաև Հայաստանի հասարակությունը ցանկանում է ազատվել Հանրապետական կուսակցության մենատիրությունից, ապա խորհրդարանական ընտրություններից հետո, ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության, այս չորս ազդեցիկ ուժերը պետք է համաձայնություն ձեռք բերեն այն մասին, որ հնարավորության դեպքում իրենք են ձևավորելու նոր կառավարություն, և կամ կոալիցիոն նոր կառավարության կազմում ՀՀԿ-ն մեծամասնություն չի լինելու: Իսկ դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե այս չորս կուսակցություններին հաջողվի նոր խորհրդարանում ապահովել տեղերի կեսից ավելին:

Շատերը կառարկեն, որ եթե անգամ հնարավոր է թույլ չտալ, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում չստանա քվեների 50 տոկոսից ավելին, ապա, միևնույն է, հնարավոր չէ կոալիցիոն կառավարություն ձևավորել ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» միջև: Գուցե, իրավամբ, հնարավոր չէ այս չորս կուսակցությունների սերտ համագործակցությունը՝ հաշվի առնելով անցյալում նրանց միջև եղած հակասությունները: Բայց եթե իրոք նրանք ուզում են փոփոխություններ, ապա պետք է մի կողմ դնեն անցյալի հիշողություններն ու ներկայի հավակնությունները և հանուն Հայաստանի ապագայի սահմանափակեն իշխող ՀՀԿ-ի քաղաքական, վարչական ու տնտեսական մենատիրությունը:

Հակառակ դեպքում, ևս հինգ տարի Հայաստանը մաշվելու է ՀՀԿ-ի անպատասխանատու և անփառունակ կառավարության պայմաններում: Նախորդ չորս-հինգ տարիներին Հայաստանից արտագաղթել է մոտ 200 հազար մարդ, արտաքին պարտքն ավելացել է ավելի քան երկու անգամ, աղքատների թիվն ավելացել է 400 հազարով: Այս տխուր վիճակագրությունը կարելի է շարունակել այլ թվերով ու փաստերով: Բայց դա դատարկ խոսակցություն կլինի, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանը, գոնե մասամբ, չազատվի ՀՀԿ-ի մենատիրությունից:

Մեկնաբանել