Տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխա կստանա սննդի փաթեթներ

ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սննդի փաթեթներ կտրամադրեն տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխայի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Նշվում է, որ սա պայմանավորված այն հանգամանքով, որ կորոնավիրուսի պատճառով դպրոցների խոհանոցներն ու ճաշանները շարունակում են փակ մնալ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՊՀԾ-ն սննդի փաթեթները դպրոցականներին կտրամադրեն 2020/21 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում։

Մեկանգամյա այս բաշխումը միտված է աջակցել ընտանիքներին՝ հոգալու երեխաների սննդային կարիքները 80 օրվա ընթացքում: Սննդի փաթեթները, որոնք տրամադրելու են ՀՀ կառավարությունը և ՊՀԾ-ն, պարունակում են հետևյալ պարենային մթերքները՝ հնդկացորեն, ոսպ, մակարոնեղեն, բրինձ, ձեթ և ցորենի ալյուր: