Էրդողանը մասնակցելու է Բաքվում կազմակերպվելիք ռազմական շքերթին․ լրատվամիջոցներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելելու է Ադրբեջան՝ մասնակցելու այդ երկրում կազմակերպվող շքերթին․ այս մասին հայտնում են ադրբեջանական և ռուսաստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների՝ ներկայում տեղի են ունենում Էրդողանի այցի նախապատրաստական աշխատանքներ։

Ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Բաքվում ռազմական շքերթի անցկացումը նախատեսվում է դեկտեմբերի 10-ին։

***

Նոյեմբերի 26-ին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում գրել է, որ ըստ ստացվող տեղեկությունների՝ «Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին»։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չի բացառել հայ գերիների մասնակցությունը Բաքվում կազմակերպվելիք զորահանդեսին։

Ադրբեջանի՝ գերիների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հերքել է այդ տեղեկությունները՝ դրանք որակելով «ապատեղեկատվություն»։

Մեկնաբանել