Արցախի զինված ուժերում և դրան հավասարեցված ուժային այլ կառույցներում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի տեղեկատվության վարչության պետ Տիգրան Աթանեսյանը։
Նա հայտնեց, որ կազմալուծման որևէ գործողություն չի նախատեսվում, ինչի վերաբերյալ տեղեկություններ են շրջանառվում․ «Եթե կազմալուծում ասելով՝ նկատի ունեք ընդհանրապես վերացում, նման բան չի լինի։ Չի կարող այդպիսի բան լինել, մեր սահմաններն ո՞վ պետք է պաշտպանի»։
Նրա խոսքով՝ անվտանգության խորհրդում այս ուղղությամբ այժմ իրականացվում են գործնական ու կազմակերպական աշխատանքներ։
Հարցին, թե սահմանապահ զորքեր ստեղծելու մասի՞ն է խոսքը, ինչի մասին հայտարարել էր Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․ «Ինչ-որ ստեղծվի Զինված ուժերում, պետք է կատարի սահմանապահ գործառույթներ»։
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն իր հերթական տեսանյութում հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն «արդեն տվել են իրենց համաձայնությունը, և Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի»։
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը դեռ դեկտեմբերի 26-ին հայտարարել էր․ «Հիմա մենք տարբեր ծրագրեր ենք մշակում. Արցախի հանրապետությունն ունենալու է իր սեփական զինված ուժերը, մենք ուժեղացնելու ենք ոստիկանական ուժերը, Ազգային անվտանգության ծառայության ուժերը: Մեր պահեստազորն ու աշխարհազորը օրենքի շրջանակներում ռազմականացնելու ենք, անցնելու ենք սահմանապահ ծառայության»։
Հակոբ Ասլանյան