Բարաք Օբաման ծնվել է քենիացիներին տրվող կրթաթոշակի շնորհիվ

The Times թերթում լույս է տեսել մի հոդված, որի հեղինակները պատմում են օրերս ԱՄՆ-ում հրապարակված գաղտնի փաստաթղթի մասին. այն վերաբերում է բրիտանացի և ամերիկացի պաշտոնյաների` քենիացի ուսանողներին ԱՄՆ-ում ուսանելու իրավունք տրամադրելու սխեմային:

1959թ. սեպտեմբերի 1-ին բրիտանական դեսպանատունը Նայրոբիում տեղակայված` գաղութների հարցերով նախարարություն էր ուղարկել «գաղտնի» խորագրով մի ուղերձ, որում ասվում էր, որ և Բրիտանին, և ԱՄՆ բավարարված չեն ուսանողների փոխանակման սխեմայով: «Պետդեպարտամենտը նույնպես չափազանց անհանգստացած է` մատնանշելով քենիացի ուսանողների վատ վարքագիծը», – գրում էին ուղերձի հեղինակները:

«Եթե նրանց պլաններն ի կատար ածվեին, ԱՄՆ նախագահի ծնողները երբեք չէին հանդիպի», – գրում է The Times-ը:

Օբամայի հայրը` Բարաքը, ի թիվս մյուս ուսանողների, ուղարկվել էր ԱՄՆ և դարձել Հավայան կղզիների համալսարանի առաջին աֆրիկացի ուսանողը: Հենց այնտեղ էլ 1960թ. հանդիպել էր իր ապագա կնոջը` ամերիկուհի Էնն Դանհեմին, որը մեկ տարի անց լույս աշխարհ էր բերել ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբամային:

Մեկնաբանել