Միլիարդները իրական ժամանակում


Ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսը, որը նախ և առաջ հայտնի է աշխարհի ամենահարուստ մարդկանց իր վարկանիշներով, սկսել է միլիարդատերերի ցուցակ հրապարակել նաև իրական ժամանակում։ Real-Time Billionaries վարկանիշը հանդեսի կայքում թարմացվում է՝ հիմնվելով մեծահարուստների ակտիվների շուկայական արժեքի վրա։

Այս վարկանիշի գործարկմամբ Forbes-ն ըստ էության մրցակցում է Bloomberg-ի հետ, որի համանման Billionaries Index-ը թողարկվեց 2012թ. սկզբին։ Տարեսկզբին ինդեքսում ներառված էին աշխարհի ամենահարուստ 20 մարդկանց կարողությունների մասին տվյալները։ Վարկանիշն այնուհետև ընդլայնվեց՝ ներառելով արդեն 40 մեծահարուստի։

Հատկանշական է, որ Forbes-ի նոր ցուցակում ընդգրկված չեն միլիարդատերերի ամենամյա վարկանիշի բոլոր առաջատարները. հանդեսն ընտրել է միայն նրանց, որոնց կարողության մասին կարելի է դատել՝ հետևելով նրանց ակտիվների բորսայական գնանշումներին։ Այս պատճառով միլիարդատերերի՝ իրական ժամանակում թարմացվող վարկանիշում, օրինակ, չի հայտնվել H&M ցանցի սեփականատեր Ստեֆան Պերսոնը, որի կարողությունը հանդեսը գնահատում է $26 մլրդ։

Forbes-ի նոր վարկանիշում շեշտադրվում է այն, թե աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում ինչքան գումար են կորցնում կամ վաստակում։ Երեկ, օրինակ, ամենահաջողակ գործարար է ճանաչվել Louis Vuitton-ի սեփականատեր Բեռնար Առնոն, որի կարողությունը օրվա ընթացքում ավելացել է $611 մլն-ով։ Ամենամեծ կորուստները, իր հերթին, արձանագրել է Wal-Mart առևտրային ցանցի բաժնետեր Ջիմ Ուոլթոնը, որը աղքատացել է $588 մլն-ով։
Հետաքրքրական է, որ ցուցակում չեն հայտնվել ռուսաստանյան վարկանիշի առաջատարներ Ալիշեր Ուսմանովը (կարողությունը՝ $18,1 մլրդ) և Վլադիմիր Լիսինը ($15,9 մլրդ)։ Փոխարենը իրական ժամանակում հաշվվում է Ռուսաստանի նախագահական վերջին ընտրություններում 3-րդ տեղը զբաղեցրած Միխայիլ Պրոխորովի կարողությունը։ Նրան պատկանող ակտիվները գնահատվում են $2,5 մլրդ։ Երեկ Պրոխորովը $34,7 մլն է կորցրել։

Մեկնաբանել