Լրացավ Հովհաննես Շիրազի 97-ամյակը

Հովհաննես Շիրազն իր գրական անունը ստացել է արձակագիր Ատրպետից, որը, ծանոթանալով նրա «Գարնանամուտ» առաջին գրքին, ասել է. «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողապատ վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով):

Առաջին գրքի հաջողությանը հետևել է բանաստեղծի բեղուն գրական կյանք: Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը շիրազյան պոեզիան դարձրին հայ գրականության լավագույն նմուշներից: Շիրազը գրել է հայրենասիրական, քնարական պոեմներ, բանաստեղծություններ, քառյակներ, որոնք ամփոփվել են «Հուշարձան մայրիկիս», «Քնար Հայաստանի» ժողովածուներում: Մեծ ժողովրդականություն են վայելել նրա «Հայոց դանթեականը» և «Խաղաղություն ամենեցուն» պոեմները: Բանաստեղծությունների «Համամարդկային» ժողովածուի համար բանաստեղծն արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի: Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով, թարգմանվել աշխարհի 58 լեզուներով: Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը` «Բիբլիական» պոեմը:

Շիրազը կյանք է պարգևել ութ զավակի: Նրա անվամբ են կոչվել Երևանի թիվ 169 դպրոցը, Իրանում Ջուղայի փողոցներից մեկը: Գյումրիում բացվել է Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը: Որդու` քանդակագործ Արա Շիրազի հեղինակած` բանաստեղծի հուշարձանները տեղադրվել են Երևանում և Գյումրիում:

Շիրազը մահացել է Երևանում 1984-ին, թաղվել Կոմիտասի անվան այգու հարակից պանթեոնում։ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի սցենարով նկարահանված «Արարատ. հայոց անմահության խորհուրդը» փաստավավերագրական ֆիլում Արա Շիրազը պատմում է, որ հոր մահից հետո նրա սիրտն իր մոտ է մնացել, քանի որ ցանկացել է կատարել Շիրազի բանաստեղծություններից մեկում նշված «կտակը»: «20 տարի անց կարողացա: Մի քանի հայրենասերներ մագլցեցին Արարատ և արդեն տարիներ Հովհաննես Շիրազի սիրտը հանգչում է լեռան սառույցներում»,-հայտնել է նա:

Մեկնաբանել