Խոշորները բեռնաթափվել են

Այս տարվա 1-ին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ ֌121,3 մլրդ-ի հարկեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 14%-ով կամ ֌14,8 մլրդ-ով։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների՝ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի 23,5%-ը կամ ֌28,5 մլրդ-ը եղել են ուղղակի հարկեր (շահութահարկ, եկամտահարկ), այն դեպքում, երբ 2011թ. 1-ին եռամսյակում ուղղակի հարկերի մասնաբաժինը կազմել է 25%։ Հունվար-մարտին վճարված ուղղակի հարկերի ծավալն աճել է 8,3%-ով, անուղղակի հարկերինը՝ 15,7%-ով։

Հայաստանի 1000 խոշոր հարկատուներն այս տարվա 1-ին եռամսյակում ըստ էության ապահովել են պետբյուջեի հարկային եկամուտների 82,3%-ը, այն դեպքում, երբ անցած տարվա 1-ին եռամսյակում նրանց բաժին էր ընկել հարկային մուտքերի 76%-ը։ Ընդ որում՝ ցուցանիշը չի ապահովվել խոշորների հարկային բեռի ծանրացման հաշվին, ինչի մասին վկայում է նրանց կողմից վճարված ուղղակի հարկերի տեսակարար կշռի նվազումը։ Այսպես. ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերում ուղղակի հարկերի մասնաբաժինը կազմել է 23,5%, այն դեպքում, երբ անցած տարվա ցուցանիշը 25% էր։

Խոշորների կողմից ուղակի հարկերի մասնաբաժնի նվազումը կարող է նշանակել, որ նրանց գործերն այս տարվա 1-ին եռամսյակում կա՛մ ավելի վատ են եղել, կա՛մ նրանք «գնացել են ստվեր»։ Վերջին տարբերակն ավելի հավանական է, եթե հաշվի առնենք, որ այս տարվա 1-ին եռամսյակում պետբյուջեի մուտքերը եկամտահարկից և շահութահարկից կազմել են հարկային եկամուտների 29,1%-ը։

Այն, որ ոչ խոշոր հարկատուների հարկային բեռն ավելի մեծ է եղել, քան խոշորներինը, վկայում է փաստը, որ ոչ խոշորների կողմից պետբյուջե վճարած ֌26 մլրդ հարկերի 53,8%-ը եղել են ուղղակի հարկեր։ Ի տարբերություն անուղղակի հարկերի, որոնք ըստ էության վճարում է վերջնական սպառողը, ուղղակի հարկերն ընկերության գործունեության արդյունքի հարկերն են։

Այն, որ խոշորները գնացել են ստվեր, վկայում է հանգամանքը, որ առաջին 300 խոշոր հարկատուների (բաժին է ընկնում պետբյուջե վճարած հարկերի 68%-ը) հարկերի կառուցվածքում այս տարվա 1-ին եռամսյակում ուղղակի հարկերի մասնաբաժինը կազմել է 22,8%, այն դեպքումб երբ 2011թ. այն 24,2% էր։

Կազմի փոփոխություն

Այս տարվա 1-ին եռամսյակում բնական գազի սպառման ծավալների 15,7% աճը նպաստել է, որ խոշոր հարկատուների ցուցակի պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցնի «ՀայՌուսգազարդ»-ը՝ վճարելով ֌11,9 մլրդ (աճը՝ 62,3%-ով) հարկ։ Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ վճարած ֌5,23 մլրդ հարկերով։ Անցած տարվա 1-ին եռամսյակի համեմատ ԶՊՄԿ-ի կողմից վճարված հարկերի ծավալը կրճատվել է ֌2,2 մլրդ-ով կամ մոտ 30%-ով, ինչն ամենայն հավանականությամբ պայմանավորված է համաշխարհային շուկայում պղնձի գների մոտ 10% նվազմամբ։

Ինչպես անցած տարվա 1-ին եռամսյակում, այս տարի նույնպես պատվավոր երրորդ տեղը զբաղեցրել է մի շարք ապրանքային շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը։ Դատելով վճարած հարկերի ծավալից (֌3,9 մլրդ կամ անցած տարվա 1-ին եռամսյակի համեմատ 14,8%-ով պակաս)՝ ընկերության գործերն այդքան էլ լավ չեն եղել։ Հարկերի կրճատումը պետք է վկայի շրջանառության նվազման մասին, չնայած ընկերությանը հաջողվել է երկու անգամ ավելացնել շահույթներն ու եկամուտները։ Այսպես. այս տարվա 1-ին եռամսյակում ընկերությունը վճարել է ֌297 մլն-ի հարկ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի ֌130 մլն-ի դիմաց։ Շրջանառության կրճատման պայմաններում շահույթի ավելացումը գրեթե անհնար է, իսկ վճարված հարկերի աճը ցույց է տալիս, որ ընկերությունը պարզապես ինչ-որ հատվածով դուրս է բերվել ստվերից։

Այս տարվա 1-ին եռամսյակում վատ չեն եղել «Ղ-Տելեկոմ»-ի ցուցանիշները. ընկերությունը զբաղեցրել է խոշոր հարկատուների ցանկի չորրորդ հորիզոնականը՝ վճարելով ֌2,73 մլրդ-ի հարկեր (աճը՝ 12,3%)։ Նպաստավոր եռամսյակով չի կարող հպարտանալ «ԱրմենՏել» ընկերությունը, քանի որ այն խոշոր հարկատուների ցուցակում հետընթաց է ապրել միանգամից 4 կետով զբաղեցնելով՝ ութերորդ տեղը՝ վճարելով ֌2 մլրդ հարկ կամ 2011թ. 1-ին եռամսյակի համեմատ 35%-ով պակաս։

Այս տարվա 1-ին եռամսյակում բենզինի և դիզվառելիքի գների բարձրացումը դրական է ազդել պետբյուջեի հարկային մուտքերի վրա։ Հարկային ցուցակի հինգերորդ հորիզոնականը զբաղեցրած վառելիքի շուկայի գերիշխող դիրք զբաղեցնող «Ֆլեշ» ընկերության վճարած հարկերի ծավալն ավելացել է 26,3%-ով (€2,4 մլրդ)։ Վեցերորդ հորիզոնականը զբաղեցրած «Սիթի պետրոլ գրուպ»-ի վճարած հարկերն ավելացել են 9,5%-ով՝ կազմելով ֌2,3 մլրդ։
Առաջին եռամսյակը նպաստավոր չի եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համար։ Ընկերության վճարած հարկերի ծավալը կրճատվել է 11,7%-ով. վճարած ֌1,78 մլրդ-ով ընկերությունը զբաղեցրել է իններորդ հորիզոնականը։

Ծխախոտի շուկայում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխության արդյունքում հարկատուների ցուցակում դիրքերը բարելավել է Հրանտ Վարդանյանի ընտանիքին պատկանող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը (զբաղեցրել է 7-րդ տեղը՝ վճարելով ֌2,23 մլրդ կամ 12%-ով ավելի)։ Գործարարի ընտանիքին պատկանող ծխախոտի արտադրությամբ մասնագիտացված մեկ այլ ընկերություն՝ «Գրանդ Տոբակո»-ն, անցած տարվա 1-ին եռամսյակի համեմատ 16,6%-ով պակաս հարկեր է վճարել (֌1,66 մլրդ)՝ եզրափակելով առաջին տասնյակը:

Մեկնաբանել