«DIY»-ի տնօրենը վստահ է, որ պայթյունի հովանավորն է ՀՅԴ-ն

Մայիսի 8-ին առավոտյան 5:30-ի սահմաններում պայթեցրել են Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Արմինե Օգանեզովային (Ծոմակ) պատկանող «DIY փաբ»-ը: Սեփականատերը վստահեցնում է, որ դա ատելության նշան է: Ծոմակը հրդեհի մասին տեղեկացել է ոստիկաններին, իսկ «DIY փաբ»-ի անվտանգության տեսախցիկը ֆիքսել է հանցագործների դեմքերը: Գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ձերբակալվել են 20-ամյա Արամեն և 19-ամյա Համբիկը, ովքեր խոստովանել են, որ այս կառույցի ապակին կոտրելով` ներս են մտել, համոզվել, որ ներսում ոչ ոք չկա, գնացել են, բենզին բերել և «փաբը» պայթեցրել:

Այսօր «DIY փաբ»-ի տնօրեն Արմինե Օգանեզովան մամուլի ասուլիսում թափանցիկ ակնարկել է, որ տրամաբանական կլինի պայթյունի համար մեղադրել «Դաշնակցության»-ը: Նա վստահեցրել է, որ այդ պայթյունը շատ կասկածելի ձևով է հաջորդել «Երկիր մեդիա»-ին` իր տված հարցազրույցին, որում ինքը խոսել է Թուրքիա այցելելու և «գեյ-պարադին» մասնակցելու մասին: Ծոմակը նշել է, որ ակումբի պայթյունը, թերևս, կատարվել է «սև ագռավներ»-ի ձեռքով (ըստ նրա` դա 30-40 երիտասարդից բաղկացած խմբավորում է, որ սև շապիկներով ու համապատասխան տարբերանշաններով է շրջում): Ծոմակը հավելել է. «Արամեի երկրորդ փաստաբանը` Մելանյա Առուստամյանը ևս դաշնակցության ներկայացուցիչ է, իսկ Արամեի համար 1 միլիոն գրավը վճարել են ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը և Հրայր Կարապետյանը»:

«Ես, իբրև պատգամավոր, հանդես եմ եկել միջնորդությամբ, որ մարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընդունվի»,- «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» լրատվականի հետ զրույցում նշել է Արծվիկ Մինասյանը` հորդորելով դիտարկել, որ նախկինում էլ ինքը բազմիցս միջնորդել է, որ կասկածյալներին չկալանավորեն: Դրա հետ, ըստ Մինասյանի, կուսակցությունը ոչ մի կապ չունի:

«Ի՞նչ է ազգային-ազատագրական պայքա՞ր է սկսվել»,- ասել է մեկնաբան Արամ Աբրահամյանը` քննարկելով դեպքը: Նա դատապարտել է անընդունելի գաղափարների կամ կենցաղի համար պայթեցնելը, և պայթեցնողներին հովանավորելը` հիշեցնելով, որ ոչ ոք դատավորի դերն ինքնուրույն ստանձնելու իրավունք չունի:

«Երկիր մեդիա»-ն ևս արձագանքել է մեղադրանքին. ( http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=7131 ):

Մեկնաբանել