Աթենքը հայտարարել է ժամանակավոր կառավարության կազմը

Հունաստանի արտգործնախարար է նշանակվել Պետրոս Մոլիվյատիսը, ներքին գործերի նախարար՝ Անտոնիոս Մանիտակիսը, ֆինանսների նախարար՝ Գեորգիոս Զանյասը, պաշտպանության նախարար՝ Ֆրանգոս Ֆրանգուլիսը։ Ժամանակավոր կառավարության կազմում կա 16 նախարար։

Հունաստանի՝ երեկ ստեղծված ժամանակավոր կառավարությունը, տեխնիկական բնույթ է կրում և ստեղծվել է այս հունիսի 17-ին նշանակված խորհրդարանական նոր վաղաժամ ընտրությունները կազմակերպելու նպատակով։ Կաբինետը, որը համաձայն Հունաստանի Սահմանադրության՝ կոչվում է «ծառայողական», չի կարող օրենքներ ընդունել, որևէ պարտավորություն ստանձնել արտասհմանյան գործընկերների և կազմակերպությունների առջև։

Ժամանակավոր կառավարության երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ Աթենքի ժամանակով ժամը 10։00-ին (Երևանի ժամանակով՝ 11։00-ին)։

Հիշեցնենք, որ ժամանակավոր կառավարության ստեղծման անհրաժեշտությունն առաջացել էր այն պատճառով, որ մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական վաղաժամ ընտրություններից հետո Հունաստանին չէր հաջողվել կոալիցիոն կառավարություն ձևավորել։

Մեկնաբանել