Մեկնարկում է «Նոր անուններ» փառատոնը

Երևանում մայիսի 29-ից հունիսի 1-ը կանցկացվի պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» 2-րդ միջազգային փառատոնը:

Վերջինիս այս տարի կմասնակցի մինչև 18 տարեկան շուրջ 40 շնորհալի պատանի երաժիշտ աշխարհի տարբեր երկրներից` Հայաստան, Վրաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Մալթա, Ուզբեկստան, Կորեա: Նրանք կներկայանան ինչպես նվագախմբային, այնպես էլ մենանվագ կատարումներով:

Համերգները կկայանան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախմբերի ընկերակցությամբ: Մասնակիցների մեծ մասը միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ և տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ են, որոնք բազմիցս ելույթներ են ունեցել աշխարհի հայտնի բեմերում:

Փառատոնային օրակարգը կներառի նաև մասնակիցների համար մշակութային ծրագիր, որը պատանի երաժիշտներին թույլ կտա առավել մտերմանալ, իսկ օտարազգի մասնակիցերին կներկայացնի Հայաստանը և հայ մշակույթը:

Փառատոնը կանցնի «Հայաստանի նոր անուններ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ստեղծվել է 1989թ. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանի նախաձեռնությամբ, «Մշակույթի գործիչների ընկերակցության» և «Գևորգ Մոմջյան» հիմնադրամի համագրծակցության արդյունքում: Ծրագրի նպատակն է հայտանաբերել և զորավիգ լինել պատանի տաղանդներին` այսօրվա նոր անուններին ու ապագայի հոգևոր մշակույթի կերտողներին:

Մեկնաբանել