Ավարտվեց Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչը

Այսօրվա հաղթողներն են Լիտվայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Սերբիայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Մակեդոնիայի, Նորվեգիայի, Էստոնիայի, Մալթայի և Թուրքիայի ներկայացուցիչները:

Առաջին կիսաեզրափակչում հաղթել էին Ռումինիայի, Մոլդովայի, Իսլանդիայի, Հունգարիայի, Ալբանիայի, Դանիայի, Կիպրոսի, Հունաստանի, Ռուսաստանի և Իռլանդիայի ներկայացուցիչները:

Բաքվում երգի մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 42 երկիր: Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչներում հաղթած 20 երկրների ներկայացուցիչներին եզրափակիչում կմիանան ևս վեց երկրների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Նկատենք, որ շաբաթ օրվա շոուն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է շուրջ 50 երկրում, և, ենթադրվում է, որ ունենալու է միլիոնավոր հեռուստադիտողներ: Ըստ CNN-ի` այս տարի աշխարհն այս երգի մրցույթին հետևելու է ոչ միայն հաղթող երգը վայելելու ակնկալիքով, այլև այն դիտարկելով` որպես Ադրբեջանի ներքին խնդիրներին տեղեկանալու քաղաքական հարթակ:

Այս օրերին Բաքվում գտնվող առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից հաղորդումներ են պատրաստում Ադրբեջանի բռնատիրական վարչակազմի, Ալիևների ընտանեկան անչափելի հարստության և նավթային շտեմարան-երկրում ապրող ժողովրդի ցածր կենսամակարդակի, ինչպես նաև քաղաքական բռնաճնշումների, խոսքի ազատության ոտնահարման և այլ խնդիրների մասին: Իր ընդդիմությանը Բաքուն սպառնացել է, որ եվրատեսիլյան հյուրերի հեռանալուց հետո բանտարկությունների նոր ալիք է սկսվելու:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության որոշմամբ` հայ երգիչներն այս տարի չեն մասնակցում Եվրատեսիլին: Պաշտոնապես այդ մասին ծանուցվել է ուշացումով, ինչի համար ՀՀՀ-ն պիտի վճարի երգի մրցույթի կանոններով նախատեսված տուգանքը` «խորհրդանշական գումար», ըստ կազմակերպիչների, որի իրական չափը հրաժարվում են հայտնել:

Մեկնաբանել