ԱՄՆ-ը հանձնառու է Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցման խրախուսմանը․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է աշխատել Ադրբեջանի հետ տարածաշրջանային խաղաղության հասնելու նպատակով։ Այդ մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզի առթիվ ուղարկված շնորհավորական ուղերձում։

«Իմ վարչակազմն աշխատելու է Ադրբեջանի հետ՝ լուծելու տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հետ կապված և ընդհանուր մտահոգություն առաջացնող հարցերը։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք հանձնառու ենք կողմերին ցուցաբերելու աջակցություն ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու համար, խրախուսելու հաշտեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հանուն բարեկեցիկ և խաղաղ ապագայի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նա շեշտել է, որ իր վարչակազմն աջակցում է Ադրբեջանի ջանքերին, որոնք ուղղված են տնտեսության բազմազանեցմանն ու Կասպից ծովում էներգետիկ հնարավորությունների զարգացմանը։

«ԱՄՆ-ը մտադիր է դիտարկել տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները»,- նշել է Բայդենը։

Մեկնաբանել