Խորվաթիան հաղթում է Իռլանդիային ու գլխավորում C խումբը

Խորվաթիայի հավաքականն առանձնակի հեշտությամբ (3:1) պարտության մատնեց Իռլանդիայի ընտրանուն ու վաստակած 3 միավորով գլխավորեց C խումբը: Հիշեցնենք, որ այս խմբի մյուս խաղում ֆավորիտներ Իսպանիայի և Իտալիայի հավաքականները ոչ-ոքի (1:1) են խաղացել:

Խորվաթները շատ ակտիվ սկսեցին խաղը և արդեն 3-րդ րոպեին «Վոլֆսբուրգի» հարձակվող Մարիո Մանջուկիչն առաջ մղեց իր թիմին:

Շուտով Իռլանդիային հաջողվեց հավասարացնել հաշիվը, 19-րդ րոպեին ստանդարտի խաղարկումից հետո «Լեսթերի» պաշտպան Շոն Սենթ-Լեջերի գլխի հարվածը դիպուկ ստացվեց:

Այդուհետ իռլանդացիները ոչ մի վտանգավոր պահ չստեղծեցին մրցակցի դարպասի մոտ, իսկ Խորվաթիան 43-րդ րոպեին կրկին առաջ անցավ հաշվի մեջ, գոլի հեղինակ դարձավ «Էվերտոնի» հարձակվող Նիկիցա Ելավիչը:

Ընդմիջումից հետո խաղի պատկերը չփոխվեց. խորվաթները կրկին շատ ակտիվ սկսեցին և 48-րդ րոպեին Մանջուկիչը դարձավ դուբլի հեղինակ` հաշիվը դարձնելով 3:1:

Տրապատոնիի սաները փորձում էին ինչ-որ ձեռնարկել, սակայն նրանց մոտ ոչինչ չէր ստացվում, իսկ Խորվաթիայի ընտրանին մի քանի անգամ կարող էր ավելացնել հաշվի տարբերությունը, բայց հաշիվը մնաց անփոփոխ:

Եվրո 2012-ում արդեն 6 հանդիպման ականատես ենք եղել և միանշանակ կարելի է պնդել, որ 12 թիմերից ամենաանատամ ֆուտբոլը հենց Իռլանդիան ցուցարեց, նույն Իռլանդիան, որն ընտրական փուլի վերջին խաղում մրցավարի կոպիտ սխալի արդյունքում հաղթեց Հայաստանի հավաքականին ու անցումային խաղերին մասնակցելու իրավունք ստացավ:

Մեկնաբանել