Ֆրանսիան պարտվեց Շվեդիային, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Եվրո 2012-ի խմբային փուլի վերջին տուրում Ֆրանսիայի հավաքականը 2:0 հաշվով անակնկալ պարտություն կրեց Շվեդիայի ընտրանուց և քառորդ եզրափակիչում կխաղա Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի դեմ:

Հանդիպման սկզբում տպավորությունն այնպիսին էր, որ ֆրանսիացիները փորձում են խնայել ուժերը, իսկ շվեդները մարտական էին տրամադրված և խաղադաշտի գրեթե բոլոր հատվածներում գերազանցում էին մրցակցին:

Առաջին խաղակեսի ամենավտանգավոր պահը ստեղծեց Շվեդիայի հավաքականը` 12-րդ րոպեին Օլա Տոյվոնենի կատարած հարվածից հետո միայն դարպասաձողը փրկեց Լորան Բլանի սաներին:

Ընդմիջումից հետո շվեդների առավելությունն ակնհայտ էր: Էրիկ Համրենի սաները մեկը մյուսի հետևից վտանգավոր գրոհներ էին կազմակերպում և Ուգո Լյորիսը ստիպված էր մի քանի անգամ փրկել իր թիմին: Այդուհանդերձ, 54-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի ֆանտաստիկ հարվածից հետո Լյորիսը ոչինչ չէր կարող անել` 1:0: Իբրահիմովիչի կիսաշրջադարձ հարվածը միանշանակ կընդգրկվի Եվրո 2012-ի լավագույն գոլերի թվում:

Հաշվի մեջ առաջ անցնելուց հետո շվեդները չհանգստացան և նրանց հաջորդ երկու գրոհները նույնպես կարող էին գոլով ավարտվել, բայց Լյորիսը 2 գերազանց սեյվ կատարեց: Բլանի սաները միայն 70-րդ րոպեից հետո ակտիվացան, սակայն Անդրեաս Իսակսոնն այս երեկո անկասելի էր, իսկ 90-րդ րոպեին Սեբաստիան Լարսոնը հաշիվը դարձրեց 2:0:

Զուգահեռաբար ընթացող խաղում Անգլիայի ընտրանին Ուեյն Ռունիի գոլի շնորհիվ հաղթեց Ուկրաինայի ընտրանուն և D խմբից առաջին տեղով դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Իտալիայի ընտրանու հետ:

http://www.dailymotion.com/video/xrmop0_yyyyyy-yyyyyyy-2-0-1_sport

Մեկնաբանել