Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին արդիականացնելու Զինված ուժերը․ Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնել Հայաստանի Զինված ուժերին արդիականացման ու բարեփոխման գործում․ այս մասին Մոսկվայում հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ ընդունելով ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին։

«Կարևորում ենք մեր փոխգործակցությունը ռազմական ոլորտում ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակում։ Պատրաստ ենք օգնել Հայաստանի Զինված ուժերի բարեփոխման ծրագրի իրականացման գործում, հեշտ խնդիր չէ, բայց, կարծում եմ, Ձեր փորձով հանդերձ այն հաղթահարելի է»,- ասել է Շոյգուն։

Նա նշել է, որ Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական 102 ռազմաբազան, որը լավ կահավորված է և հանդիսանում է անվտանգության երաշխավոր։

«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ու առանցքային գործընկերը Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցում, և մենք մեծապես շահագրգռված ենք այդ տարածաշրջանում կայունության պահպանմամբ»,- ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

Արշակ Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով, շեշտել է, որ իր առաջին օտարերկրյա այցն այդ պաշտոնում կատարում է հենց Ռուսաստան, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։

«Ռուսաստանը միակ պետությունն է, որը տալիս է անվտանգության իրապես շոշափելի արդյունք հայ ժողովրդին և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջականորեն Հայաստանի սահմաններին»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է շատ սերտ և արդյունավետ համագործակցության»։

Մեկնաբանել