Վրաստանում վեճ է հասունանում նավահանգստի դադարած նախագծի շուրջ, որը հակասել է Իվանիշվիլիի շահերին

Anaklia Անակլիայի նավահանգստում շինարարական աշխատանքները՝ նախքան կառավարության կողմից կառուցապատողի հետ պայմանագիրի խզումը։ Լուսանկարը՝ ADC.
Շոթա Կինչա, OC Media

Վրաստանում Անակլիայի խորջրային նավահանգստի փակուղի մտած նախագծի շուրջ վեճը վերստին թեժացել է այն բանից հետո, երբ «Պանդորայի փաստաթղթերի» բացահայտումներից պարզ դարձավ, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին թաքնված շահեր ունի Փոթի քաղաքի մրցակից նախագծում:

Վրաստանի կառավարությունը 2020-ի հունվարին խզեց Անակլիայի զարգացման կոնսորցիումի (ADC) հետ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ Անակլիա նավահանգիստը կառուցելու իր պայմանագիրը, նավահանգիստ, որը հավակնում է դառնալ Սև ծովի ամենամեծ միջազգային նավահանգիստը:

ADC-ն իր մտահոգությունն էր հայտնել Փոթիի մասին դեռ 2019-ի մայիսին, երբ Վրաստանի կառավարությունը հաստատել էր Փոթիի ընդլայնումը դեպի խորջրյա նոր նավահանգիստ՝ ի վնաս Անակլիայի։

2019-ից ի վեր բազմաթիվ զեկույցներ են հայտնվել այն մասին, որ Անակլիա նավահանգստի հետ կապված խնդիրները կապված են Բիձինա Իվանիշվիլիի կողմից Փոթիում՝ Անակլիայից 30 կմ հարավ գտնվող ծովափնյա քաղաքի մրցակից նավահանգստի նախագծի լոբբինգի հետ:

Չնայած Վրաստանի կառավարության հավաստիացումներին, որ նրանք մտադիր են նոր ներդրողներ գտնել Անակլիայի նախագծի իրականացման համար, «Պանդորայի փաստաթղթերը» ենթադրում են, որ Վրաստանի ամենահարուստ մարդը, որին քննադատները մեղադրում են տեղական քաղաքականության տիկնիկավար լինելու մեջ, կարող է այլ ծրագրեր ունենալ:

Իվանիշվիլիի անունը հայտնվեց Պանդորայի փաստաթղթերում՝ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի բացահայտած գաղտնի օֆշորային հաշիվների ավելի քան 35 միլիոն փաստաթղթերի պահոցում՝ ներկա և նախկին մի շարք համաշխարհային առաջնորդների կողքին:

1998–2016 թթ Բրիտանական Վիրջինյան կղզիներում Իվանիշվիլիի կողմից գրանցված 12 սուբյեկտների շարքում է Brightstone Finance Limited-ը, որը մեկ այլ ընկերության ՝ Eurasian Invest LLC-ի 50 տոկոս բաժնեմասի միջոցով Փոթիի նավահանգստի նախագծի մեծամասնական բաժնետերն է։

Բառակռիվ

Բացահայտումները հանգեցրել են նոր բառակռվի ADC-ի և Վրաստանի կառավարության միջև: Ընդ որում, Անակլիայի զարգացման կոնսորցիումը պնդում էր, որ դա ևս մեկ ապացույց է, որ Իվանիշվիլին անձամբ շահագրգռված է Անակլիայի նախագիծը փչացնելու հարցում՝ մրցակից նավահանգիստ Փոթիում իր բաժնետոմսերի շահերի պատճառով:

Երկուշաբթի Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան հայտարարել է, որ «նախկին ներդրողների կողմից իրականացված արբիտրաժը» Վրաստանի դեմ բարդացրել է նախագծի շինարարությունը։ Տուրնավան կրկին նշել է, որ իրենք աջակցում են նախագծերին և միջազգային տենդեր են հայտարարելու՝ «ավելի լավ ներդրողների» համար:

Հոկտեմբերի 19-ին Անակլիայի զարգացման կոնսորցիումը մեղադրեց կառավարությանը նախագծի ուշացման հարցում Կոնսորցիումի վրա մեղքը բարդելու մեջ: Անակլիայի զարգացման կոնսորցիումը Տուրնավայի մեկնաբանությունը բնութագրեց որպես «ռևիզիոնիստական պատմության կիրառում»:

Անակլիայի զարգացման կոնսորցիումն ընդգծում է, որ իրենք վեճը տեղափոխել են Միջազգային արբիտրաժային դատարան «միայն նախագիծը և դրա հիմնական ներդրողներին ոչնչացնելու կառավարության ագրեսիվ և հաշվարկված արշավից հետո»:

«Ինչպես բացահատել են «Պանդորայի փաստաթղթերը», իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներսում կան անձինք, որոնք կարող են անձնական վնասներ կրել, եթե Անակլիայի նախագիծը շարունակվի Փոթիի նավահանգստի ընդլայնման և դրա հետ կապված Փոթի ազատ արդյունաբերական գոտու հաշվին»,- հայտարարել է Անակլիայի զարգացման կոնսորցիումը:

Թբիլիսիում գտնվող Եվրոպա-Վրաստան ինստիտուտի նախագահ Գեորգե Մելաշվիլին կասկած է հայտնել, որ որևէ նոր կառուցապատող հանձն կառնի իրականացնել Անակլիայի նախագիծը:

«Ոչ մի ողջամիտ, վստահելի ներդրող, որի համար կարևոր է իր հեղինակությունը, սեփական կամքով չի մասնակցի որևէ մրցույթի, քանի դեռ արբիտրաժային վեճը չի լուծվել»,- OC Media-ին ասել է Մելաշվիլին: «Դժվար է պատկերացնել, որ բարի համբավ ունեցող որևէ ներդրող պատրաստ լինի հեղինակության և ֆինանսական նման բարձր ռիսկերի գնալ»:

Չբացառելով, որ վեճի հետևում աշխարհաքաղաքական նկատառումներ են՝ Մելաշվիլին ասել է՝ «անկասկած, այս իրավիճակը վնասում է ինչպես Վրաստանի վարկանիշին ու հեղինակությանը և դրական միջավայր է ստեղծում Ռուսաստանի` սեփական շահերին հասնելու համար»:

«Ռուսաստանը հայտնի է իր թիրախային երկրներում գոյություն ունեցող պառակտումներն օգտագործելու, դրանք խորացնելու և իր օգտին շուռ տալու ունակությամբ»:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի