Ապատեղեկատվություն՝ իշխանության ամենաբարձր օղակներից․ «Շաբաթվա ֆեյքերը»

Հայկական մեդիադաշտը լի է կեղծ տեղեկատվությամբ, քարոզչական ականներով․․․ կեղծ տեղեկատվությունը մեր մեդիադաշտ է ներթափանցում աներևակայելի ճանապարհներով, օրինակ, ռուսաստանյան լրատվամիջոցները թարգմանաբար հրապարակում են կորոնավիրուսի մասին ամերիկյան ապատեղեկատվություն, իսկ հետո հայկական լրատվամիջոցները ռուսերենից հայերեն են թարգմանում ու հրապարակում նույն այդ ֆեյքերը՝ իբրև սեփական տեղեկատվություն։ Հայկական լրատվամիջոցները նաև հաճույքով թարգմանում և հրապարակում են ադրբեջանական քարոզչությունը, որը հրապարակվել է նույն այդ ռուսական լրատվամիջոցներում կամ տարբեր անանուն տելեգրամյան ալիքներում, հաճախ էլ ուղղակիորեն ադրբեջանական նյութերը վերցնում ու հրապարակում են հայերենով։

Մի քանի օրերի ընթացքում ամենաուշագրավ ֆեյքերն ու ապատեղեկատվական թեզերը հայաստանյան լրատվադաշտ մտան հենց ներհայաստանյան աղբյուրներից։ Ավելին՝ շաբաթվա ապատեղեկատվական հերոսը անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր՝ ղարաբաղյան բանակցային գործընթացում բանավոր պայմանավորվածությունների մասին իր հակասական հայտարարությամբ, որի մասին ՍիվիլՆեթը մանրամասն վերլուծություն է հրապարակել։

Մանիպուլյացիաներ ու կեղծ տեղեկատվություն տարածելու հարցում կառավարության ղեկավարից հետ չի մնում նաև Ազգային ժողովի նախագահը, որն «Առաջին» լրատվականին տված հարցազրույցում փորձել էր արդարացնել իր համար 180 000 դոլարով նոր մեքենա ձեռք բերելու որոշումը։ Այս համատեքստում շատերը հիշեցին դեռ 2015 թվականին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, թե Հայաստանը իրականում «պադավատապետություն է»։

Արձագանքելով այս հիշեցումներին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր՝ «Էդ որ վարչապետի ելույթներն են օրինակ բերում, ասում են՝ պադավատապետություն չի։ Հեղափոխությունից հետո պետական համակարգի մեքենաները 40-ից ավել տոկոսով կրճատվել են»։

ՍիվիլՆեթն ուսումնասիրել է Ազգային ժողովի նախագահի այս պնդումը և պարզել, որ մինչև իշխանափոխությունը՝ 2017 թվականի տվյալներով, ծառայողական մեքենաների քանակը եղել է 915, իսկ 2021-ին ծառայողական մեքենաների թիվը 923 է։ Հանուն արդարության նշենք, որ 2019-ին Հայաստանում իրականացվել է տվյալների ճշգրտում և պարզվել է, որ իրականում ծառայողական մեքենաների թիվը 1 092-ն է, իսկ հաճորդ երկու տարիներին իրականացվել է թվի կրճատում։ Սակայն նույնիսկ այդ պարագայում կպարզվի, որ ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է ընդամենը 15 տոկոսով, այլ ոչ թե 40, ինչպես պնդում էր Ազգային ժողովի նախագահը։

Այդ հարցազրույցում Ալեն Սիմոնյանը նաև պնդել է, թե եթե 2020թ․ նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը զրահապատ մեքենայով երթևեկեր, նրա վրա հարձակված անձինք չէին կարողանա Միրզոյանին դաժան ծեծի ենթարկել։ Այս կապակցությամբ էլ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն արձանագրում է՝ անցյալ տարի տեղի ունեցած այդ ցավալի միջադեպից տարածված տեսանյութում երևում է, որ մեքենայի վարորդն է ներսից բացել վարորդական դուռը, որից հետո նոր ցուցարարներին հաջողվել է Միրզոյանին նախ՝ իջեցնել ծառայողական մեքենայից, այնուհետև՝ դաժան ծեծի ենթարկել։ Այլ կերպ ասած՝ Ալեն Սիմոնյանի այն պնդումը, թե զրահապատ մեքենայով տեղափոխվելու դեպքում Միրզոյանը անվնաս կմնար, առնվազն տարակուսելի է։

Ի դեպ՝ Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած միջադեպը մեկ այլ իշխանական մանիպուլյացիայի պատճառ էլ դարձավ այս օրերին։ Վարչապետ Փաշինյանի աներորդին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, դեկտեմբերի 7-ին Freenews.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե իշխող խմբակցության պատգամավորների և «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցած Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է մարդասպանության փորձի մեջ։

Փաստերի ստուգման հարթակն ուսումնասիրել է Հրաչյա Հակոբյանի այս հայտարարությունը և պարզել, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ իրականացված հարձակման կապակցությամբ քրեական գործը հարուցվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրա ընթացքում բռնություն գործադրելու հոդվածով, հետևաբար Հակոբյանի այն հայտարարությունը, թե Գերասիմ Վարդանյանն անցում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով, սխալ է:

Ցավոք, Հայաստանի իշխանությունները, որոնք վերջին շրջանում հաճախ են խոսում ապատեղեկատվությունից պաշտպանվելու, անանուն աղբյուրներն արգելելու և մեդիագրագիտություն խթանելու մասին, շատ հաճախ հենց իրենք են դառնում ապատեղեկատվություն տարածողներ։ Իսկ Հայաստանի քաղաքացիներին մնում է միայն աճող անվստահությունը բոլոր, այդ թվում՝ պետական աղբյուրների նկատմամբ, իսկ դա մեր հասարակությանը լավ տեղ չի տանի․․․

Մեկնաբանել