Հայաստանը կարող է որոշել մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, այդտեղ խնդիր չեմ տեսնի․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը դեռևս չունի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։

«Ես և պարոն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը։ ՀՀ ԱԳՆ-ն այս մասով դեռևս որոշում չունի, հարցը քննարկվում է։ Կարևոր է ընդգծել, որ սա երկկողմ այց չէ և երկկողմ համատեքստում պետք չէ դիտարկել։ Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին Հայաստանը կարող է որոշել մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև կարծում եմ՝ եթե նույնիսկ այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»,- նշեց Միրզոյանը։

***

Հունվարի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կայանալու է մարտի 11-13-ը։

Հունվարի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Եթե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում այս դինամիկան պահպանվի, կարծում եմ, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի»։

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի ու Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ Թուրքիայի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։

Մեկնաբանել