Փառուխում ադրբեջանական ուժերի առկայության մասին հակասական տեղեկատվություն է շրջանառվում

Մարտի 28-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին: Հարությունյանը հայտնել է, որ Արցախի իշխանությունների օրակարգում կայունության ապահովումն է:

Արցախի ղեկավարի խոսքով՝ Արցախի զինված ուժերի ու ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, ինչպես նաև դիվանագիտական հնարավոր մեխանիզմներով շարունակվում են գործադրվել բոլոր ջանքերը խաղաղություն ապահովելու և շփման գծի արևելյան հատվածից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար:

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ:

«Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը: Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:Արցախի պատկան մարմինները բոլոր հնարավոր մեխանիզմներով հետևում են իրադրությանն ու ադրբեջանական կողմի գործողություններին, և, ըստ կարիքի, լրացուցիչ հրապարակումներով կտեղեկացնեն իրավիճակի զարգացումների վերաբերյալ»,- ասված է շտաբի հաղորդագրությունում։

Մինչդեռ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմը վերահաստատում է ավելի վաղ հրապարակած տեղեկությունն այն մասին, որ Փառուխ գյուղը գտնվում է իր վերահսկողության տակ։ Խաղաղապահների տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ առաքելության հրամանատարությունը որոշում է ընդունել պահուստային ուժեր կենտրոնացնել Փառուխ գյուղի հատվածում՝ ադրբեջանական զորքի հետագա առաջխաղացումն արգելափակելու համար։

Փառուխ գյուղից ադրբեջանցիների հեռանալու մասին Ռուսաստանի ՊՆ-ն առաջին անգամ հայտնեց մարտի 27-ին՝ հերթական տեղեկագրում տեղեկացնելով, որ նույն օրը ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքում վերջինս հեռացրել է իր ստորաբաժանումները Փառուխ գյուղից։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, արձագանքելով ռուսական կողմին, հայտարարեց՝ «Փառուխ գյուղում և շրջակա բարձունքներում ադրբեջանական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»։

Մեկնաբանել