Մարտի 30-ին Արցախում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել, բայց իրադրությունը շարունակում է լարված մնալ

Մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն»,- ասված է հաղորդագրությունում։

***

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը և մինչ օրս հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15 հոգի վիրավորվել է։

Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում, սակայն ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։

Մեկնաբանել