ԲՀԿ-ական պաշտոնյաների` պաշտոնից ազատումներ և մի նշանակում

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Վարդան Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, Ռոմիկ Տիգրանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

Հիշեցնենք, որ երեկ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով Էդիկ Կարախանյանն էր ազատվել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն, Վանիկ Ասատրյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ: Ինչպես նաև` Արտուշ Ղուկասյանն էր ազատվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն, և Աղվան Վարդերեսյանը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

Նշենք նաև, որ պաշտոնից ազատվելու դիմումներ ներկայացրած ԲՀԿ-ական պաշտոնյաները երեկ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշել էին. «2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին: Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել և տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին, մարզպետներին համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում»:

Մեկնաբանել