Փաշինյանը սխալվում է. կապիտալ ծախսերն աննախադեպ չեն

Հովհաննես Նազարեթյան, CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ապրիլի 13-ին կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականին նվիրված իր ելույթում մի շարք թվեր է հնչեցրել կապիտալ ծախսերի մասին։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, ստուգել է դրանց հավաստիությունը։

Կապիտալ ծախսերը ոչ ֆինանսական ակտիվների գծով գործառնություններն են։ Դրանք հիմնականում ենթակառուցվածքների (օրինակ՝ ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ) շինարարությանը և վերականգմանն ուղղված գումարներն են։

2021-ն աննախադեպ չէր

Փաշինյանն իր ելույթում պնդել է, որ 2021-ին կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել՝ տարեսկզբի ծրագրվածի նկատմամբ 100 տոկոս։ «Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ երբեք չի եղել»,- ավելացրել է Փաշինյանը։

Ավելին, Փաշինյանը պնդում է, որ 2021-ի կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշն «աննախադեպ էր Երրորդ հանրապետության պատմության մեջ՝ 217,8 միլիարդ դրամ»

Այս երկու պնդումներն էլ սխալ են

Առաջին անգամ չէ, երբ տարեսկզբի ծրագրված կապիտալ ծախսերը կատարվել են 100 տոկոսով։ Ֆինանսների նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2015-2017թթ. կապիտալ ծախսերի կատարումը ծրագրվածից ավել է եղել։ 2017-ին ընդհանրապես, կատարված կապիտալ ծախսերը գրեթե 2,5 անգամ գերազանցել են տարեկան պլանը։

2021-ի կատարված կապիտալ ծախսերը՝ 217,7 մլրդ դրամ, ևս աննախադեպ չեն անկախ Հայաստանի պատմության մեջ։ 2017-ին և 2020-ին կապիտալ ծախսերը եղել են ավելի շատ։ 2017-ին բյուջեից 238,4 մլրդ դրամ է ուղղվել այդ ուղղությամբ, իսկ 2020-ին՝ 227,7 մլրդ դրամ։

Ինչն է ճիշտ ասել (և բաց թողել) Փաշինյանը

Փաշինյանը ճիշտ է ներկայացրել 2021-ի կապիտալ ծախսերի տարբերությունը 2018-ի և 2019-ի նկատմամբ։ Դրանք կազմել են, համապատասխանաբար, 65,8 և 24,7 մլրդ դրամ։

Սակայն նա չի նշել 2020-ի ցուցանիշի հետ տարբերությունը։ Ինչպես նշվել է վերևում, 2021-ի համեմատ, 2020-ին կապիտալ ծախսերը ավելի շատ են եղել՝ 10 մլրդ դրամով։

Փաշինյանը նաև ճիշտ է նշել, որ վերջին չորս տարիների ընթացքում 2021-ին ճշտված պլանի նկատմամբ կապիտալ ծախսերի ամենաբարձր կատարողական է գրանցվել՝ 92,3 տոկոս։

Այս դեպքում ևս Փաշինյանը չի նշել, որ 2018-ից առաջ, մասնավորապես, 2015-16 թվականներին ճշտված պլանի նկատմամբ կապիտալ ծախսերի կատարողանականը եղել է 100 տոկոսի շրջանակում։ Այնինչ, իր իշխանության առաջին տարիներին կապիտալ ծախսերը զգալիորեն թերակատարվել են։

Loading...

Loading…

Ինչ ուղղություններով են թերակատարվել 2021-ի կապիտալ ծախսերը

CivilNetCheck-ը Ֆինանսների նախարարությունից ստացավ նախնական տեղեկատվություն՝ 2021-ի կապիտալ ծախսերի վերաբերյալ՝ ըստ բյուջետային ծրագրերի։

Համաձայն դրա, կապիտալ ծախսերի մեջ մտնող ամենախոշոր ծրագիրը՝ պաշտպանության ապահովում, ճշտված պլանի նկատմամբ կատարվել է 100 տոկոսով։

Գրեթե ամբողջությամբ կատարվել է ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողության ծրագիրը՝ 98 տոկոսով։ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն էլ գերակատարվել է 104 տոկոսով։

Զգալիորեն թերակատարվել են ջրամատակարարաման և ջրահեռացման բարելավում և հարկային և մաքսային ծառայությունների ծրագրերը (83 տոկոս) և քաղաքային զարգացում և ոռոգման համակարգի առողջացում ծրագրերը (88 տոկոս)։

Ստորև ներկայացված է 2 մլրդ դրամը գերազանցող կապիտալ ծախսերի ծրագրերը՝ կատարման տոկոսով։

Մեկնաբանել