Գագիկ Խաչատրյանի Լոս Անջելեսի տան գումարն ի՞նչպես է վերադարձվելու ՀՀ, պարզաբանում է դատախազի տեղակալը

Ազգային ժողովի մայիսի 19-ի նիստի ընթացքում Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ​ Սրբուհի Գալյանը խոսել է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատան բռնագանձման գործընթացի մասին։

«Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի՝ «գույքի բռնագանձումից ձևավորված գումարը ի՞նչ մեխանիզմով են վերադարձվելու Հայաստան» հարցին ի պատասխան, Գալյանը պատասխանել է․

«Ինչ վերաբերում է գույքի վերադարձմանը, կարծում եմ՝ դեռ այդ մասին վաղ է խոսել, որովհետև այդ պետությունում (ԱՄՆ-ում) ևս որոշակի գործընթացներ պետք է իրականացվեն։ Իսկ վերադարձի հետ կապված քննարկումներն այսօր տեղի են ունենում և կշարունակվեն, տեխնիկական հարցեր են, որ կարծում եմ լուծում կստանան ապագայում»,- ասել է դատախազի տեղակալը։

***

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մայիսի 5-ին հայտարարել էր Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթացի մեկնարկի մասին։

Առանձնատունը, որն ունի գրեթե 2 800 քմ մակերես, գտնվում է Լոս Անջելեսի Հոլմբի հիլս (Holmby Hills) թանկարժեք թաղամասի Սաութ Մափլթոն դրայվ (South Mapleton Drive) փողոցում։ Առանձնատունը գնել էին Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները։ ԱՄՆ համապատասխան մարմինները առանձատան հետ կապված գործընթացը սկսել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա։

Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։ Ըստ հաղորդագրության՝ երկուշաբթի Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարանում ԱՄՆ արդարադատության նախարարությունը ներկայացրել է հայց՝ հայտնելով, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Խաչատրյանին և նրա ընտանիքին ավելի քան 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարենպաստ հարկային վերաբերմունքի դիմաց:

Քրեական այս գործը Հայաստանում հարուցվել էր 2020-ին։ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ըստ Ազգային անվտանգության ծառայության, ավելի քան 22 միլիոն դոլար էր տվել Խաչատրյանին՝ իր առևտրային կազմակերպությունների համար խոչընդոտներ չստեղծելու համար։ Գումարը, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, ուղղվել էր Լոս Անջելեսում առանձնատան գնմանը։ Առանձնատունը ներկայում վաճառքի է հանված 63,5 միլիոն դոլարով։

Մեկնաբանել